Մարզպետարանը միայն 120 ձու է տվել. Այգեստանում ինքնամեկուսացածներին օգնում են սեփական ուժերով


Մարզպետարանը միայն 120 ձու է տվել. Այգեստանում ինքնամեկուսացածներին օգնում են սեփական ուժերով
Հունիս 2 17:02 2020

Արարատի մարզի Այգեստան համայնքում այս  պահին մեկուսացված 10 ընտանիք կա, մեկ անձ մահացել է, մեկն էլ կորովիրուս ախտորոշմամբ գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը։

Մահացածը եղել է 87-ամյա տղամարդ, որի հետ շփված անձինք էլ այժմ ինքնամեկուսացված են։ Գյուղապետը նշեց, որ վարակի աղբյուրը հայտնի չի, իսկ ընտանիքի անդամների մոտ սիմպտոմներ չկան։ Սա առաջին դեպքը չի, որ գյուղում կորոնավիրուսի կասկածով անձինք են ինքնամեկուսացվում, նրանց սննդի հարցը լուծելու համար գյուղապետարանը սեփական միջոցներն է օգտագործում։

«Մի ամիս ու կես առաջ Ռենկոյից աշխատող կար մեր մոտից, այդ դեպքով ինքնամեկուսացածներ կային, մարզպետարանը 120 ձու է տվել, բաժանել ենք ընտանիքներին։ Ոչ մի կոպեկ մարզպետարանից չենք ստացել։ Եկեղեցուց ենք օգնություն ստացել, մանկապարտեզի ու դպրոցի մնացած սնունդն ենք բաժանում կարիքավոր ընտանիքներին։ Բացի այդ՝ 80 հազար գումար կար, որ արհմիություններին տրվող 1 տոկոսի վերադարձի գումարից կուտակվում է, ասել եմ, որ այդ գումարը չծախսեն աշխատողները, հավաքեն, որ օգնենք մարդկանց այդ գումարից։ Այս պահին ինքնամեկուսացած ընտանիքների հետ էլ կապի մեջ ենք, որ եթե ինչ-որ բանի կարիք լինի հասցնենք»,- նշեց գյուղապետը։

Գյուղապետի խոսքով՝ համայնքապետարանի միջոցներով վարորդ են վարձել, որ այս ընթացքում կարողանան կասկածելի դեպքերին տեղափոխել հիվանդանոց ստուգումների։



loading...