Սահմանամերձ Երվանդաշատում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել. պացիենտը 41–ամյա կին է, վիճակը լավ է. գյուղապետ


Սահմանամերձ Երվանդաշատում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել. պացիենտը 41–ամյա կին է, վիճակը լավ է. գյուղապետ
Հունիս 1 17:40 2020

Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ գյուղում կորոնավիրուսի 1 դեպք է ախտորոշվել, պացիենտը 41–ամյա կին է։ Այս ամսին այսօր՝ հունիսի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանը։

«Արդեն 10 օրը լրացավ, իրեն վատ էր զգացել մեր գյուղի բժիշկն ուղարկել էր Արամավիր այնտեղ անալիզներ էին վերցրել ուղարկել Երեւան, այնտեղից պատասխանը դրական է եկել։ Թե ումից է վարակվել չգիտենք, բայց առաջին իսկ օրից տան մյուս անդամների հետ ինքնամեկուսացել են, հիվանդանոց գնալու կարիք չի եղել։ Տան մյուս անդամների մոտ ախտանշաններ չկան, անգամ իր սկեսուրը՝ որ 75 տարեկան է, ոչ մի գանգատ չունի»,– ասաց նա։

Ավետիսյանի խոսքով՝ ընտանիքը տանից դուրս չի գալիս, եթե բան է պետք  լինում հարազատները հասցնում են դռան մոտ եւ գնում. «Քլորով, ալկոգելով, ամեն ինչով օգնել ենք, բժիշկն էլ ամեն օր հատուկ համազգեստով գնում է ջերմությունն է չափում, թոքերն է լսում, հիմա արդեն 3–րդ օրն է ջերմություն չունի։ Շատ թեթեւ է տանում, մի քանի օրից նորից կգնա թեստավորման։

Ավետիսյանի խոսքով՝ գյուղապետարանում, հիվանդանոցում եւ խանութներում մարդիկ դիմակ եւ ձեռնոցով են լինում, բայց գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց դա հնարավոր չէ անել. «Բոլորս էլ հասկանում ենք, որ դաշտում դիմակ ու ձեռնոցով աշխատել հնարավոր չէ, բնականաբար գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ինչքան էլ ուզենան սոցիալական հեռավորություն չեն կարող պահել»։