Ավելի քան 145.000 երեխա ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում․ նախարար


Ավելի քան 145.000 երեխա ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում․ նախարար
Հունիս 1 15:28 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Այսօր աշխարհը նշում է ամենակարևոր օրերից մեկը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար։

Հայաստանում ապրում է շուրջ 778.400 երեխա, նրանցից 8623-ը հաշմանդամություն ունեն։ Ավելի քան 145.000 երեխա ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։ Պետության ենթակայությամբ գործող մանկատներում խնամք է ստանում 623 երեխա, որից 457-ը առողջական խնդիր ունեն։ Գիշերօթիկ հաստատությունում խնամք է ստանում 83 երեխա։

Մենք վստահ ենք, որ անկախ երեխայի սեռից, տարիքից, առողջական կամ այլ վիճակներից նրա զարգացման և երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է, ուստի մեր քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։

2019-ին մեր ջաքերի շնորհիվ գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից շուրջ 200 երեխա վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ այս տարի գրեթե եռապատկել ենք երեխաների ցերեկային ծառայությունները. 2019թ-ի 1160 շահառուի փոխարեն 2020թ-ին ծառայություններ ենք նախատեսել շուրջ 3900 երեխայի համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 30 խոշոր բնակավայրեր։

Մեզ համար առանցքային է նաև հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելող ծրագրերի իրականացումը․ այս իմաստով եռապատկել ենք աջակցություն ստացող ընտանիքների թիվը: Այդ ծրագրերի շնորհիվ այս տարի հաշմանդամության հիմքով մանկալքությունների թիվը շեշտակիորեն կրճատվել է:

Մենք մեր ռեսուրսներն ուղղել ենք ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքների աջակցությանը, որովհետև հավատում ենք, որ ոչ մի երեխա չպետք է հայտնվի հաստատությունում՝ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով:

Ապաինստիտուցիոնալացման այս ճանապարհը չափազանց բարդ է, բայց մենք նաև գիտենք, որ երբեք ու ոչ մի դեպքում չենք զիջելու երեխայի որևէ իրավունք:

Երեխաների պաշտպանության օրը ևս մեկ առիթ է մտորելու այն մասին, թե ինչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին և ինչ կարող ենք սովորել նրանցից»:

 



loading...