1,95 մլն կտրոն ուռենի արդեն տնկվել է․ կպչողականությունը միջինից կարող է բարձր լինել. Փոխնախարար


1,95 մլն կտրոն ուռենի արդեն տնկվել է․ կպչողականությունը միջինից կարող է բարձր լինել. Փոխնախարար
Հունիս 1 14:52 2020

10 մլն ծառատունկի ծրագիրը հետաձգվել է մինչև 2021 թվականը: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը՝ խոսելով հակաճգնաժամային 15-րդ միջոցառման և անտառաշերտի տնկման մասին:

«Ծրագիրը մայիսի 21-ին է մեկնարկել և գրեթե հասել ենք նախապես դրված մեր նպատակին: Վերջին տվյալներով՝ 1 մլն 950 հազար կտրոն ուռենի արդեն տնկված է, և աշխատանքներում արդեն ներգրավված են մոտ 1000 քաղաքացի»,- ասաց նա:

Փոշնախարարի խոսքով, աշխատանքերն իրականացվել են տարբեր մարզերում և բարձրադիր գոտիներում:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում 10 մլն ծառատունկի ծրագիրին, Վարդան Մելիքյանը պատասխանեց, որ այն հետաձգվել է մինչև 2021 թվականը, բայց շտապողականություն չկա, քանի որ 1 մլն-ից ավելի ծառ է տնկվել: Նա ընդգծեց, որ այս ծրագրի առաջին նպատակն այն է եղել, որ քաղաքացիներին եկամուտ ապահովեն, քանի որ շատերն աշխատանքները կորցրել են՝ համավարակի տարածումով պայմանավորված:

«Հետաձգումը մեզ հնարավորություն կտա ավելի լավ աշխատանքներ պլանավորել, սակայն դեռ ավելի մանրամասն հանրությանը կներկայացնենք»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով տնկված ծառերի կպչողականությանը, Վարդան Մելիքյանն ասաց, որ Հայաստանում ծառերի կպչողականության ընդունված նորման 65 տոկոսն է, բայց այս դեպքում, մասնագետների նախնական գնահատմամբ, հնարավոր է՝ այն ավելի բարձր լինի, քանի որ ընտրվել են այնպիսի տարածքներ, որտեղ ջուրը առկա է ամբողջ տարի:



loading...