Պիպ և Ֆլիպ․ փոքր ուղեղներ, սակայն մեծ աշխատավարձ ունեցող աստղերի պատմությունը


Պիպ և Ֆլիպ․ փոքր ուղեղներ, սակայն մեծ աշխատավարձ ունեցող աստղերի պատմությունը
Մայիս 29 16:53 2020

Ի՞նչ անել, եթե ծնվել ես միկրոցեֆալիայով․ կյանքիդ տարիները վատնել ինտերնատո՞ւմ, թե՞ ինքդ քեզ ցուցադրել գումարի դիմաց։ Երկրորդ տարբերակն այս հիվանդությունն ունեցող մարդու համար մինչև Երկրորդ աշխարհամարտի տարիներն իսկապես ձեռնտու էր ու իրական, ինչպես, օրինակ, կոկաինի վաճառքը դեղատներում կամ մարդու խաչասերումը գորիլայի հետ։ Իրենց դերերով 1932 թ․ «Freaks» ֆիլմում հայտնի դարձած Սնոու քույրերը՝ Ջորջիայից, իրենք էլ չգիտակցելով, թե ինչպես, լավ կարիերա ստեղծեցին «World Circus Sideshow» կրկեսի բեմում։

 

Ֆրիք-շոուի ղեկավարները Ջենի Լիին և Էլվիրա Սնոուին տվեցին Պիպ և Ֆլիպ բեմական կեղծանունները և սկսեցին նրանց ներկայացնել Ամերիկայի քաղաքացիներին որպես «Յուկատանից եկած հնդկացիներ»։ Այդ ժամանակ հանդիսատեսի մոտ կարծիք էր ձևավորվել, որ գլխի այնպիսի ձևով, ինչպիսիք ունեին Պիպն ու Ֆլիպը, լույս աշխարհ են գալիս միայն խորհրդավոր մեքսիկացի աբորիգենները՝ ացտեկները կամ մայաները։

Էլվիրան ծնվել էր Հարթվելում 1901 թ․ մարտին, իսկ Ջենի Լին իր քրոջից փոքր էր 12 տարով։ Ծնողները փաստացիորեն իրենց արտասովոր երեխաներին տարբեր կրկեսների «վարձակալության էին տալիս», իբր թե ստացված գումարով մեծ ընտանիքը պահելու համար։

Պիպն ու Ֆլիպը լույս աշխարհ էին եկել միկրոցեֆալիայով, որը գանգի չափսերի և գլխուղեղի զգալի փոքրացումն է մարմնի մյուս մասերի նորմալ չափսերի համեմատ։ Միկրոցեֆալիան ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ և հանդիպում է հազվադեպ՝ միջինում 6-8 հազար ծնունդից մեկի մոտ։ Այս հիվանդության ժամանակ դեմքը շարունակում է բնականոն հունով զարգանալ։ Եթե այս հիվանդությունն ունեցող երեխան ողջ է մնում, ապա տարիների ընթացքում դեմքի այլանդակությունը շատանում է և արտահայտիչ դառնում։

Քոնի Այլենդում և շրջիկ կրկեսներում Սնոու քույրերը 1929-ից ի վեր աշխատել են որպես «փինհեդներ»՝ «քորոցի տեսք ունեցող գլուխներով մարդիկ», որոնց գլխին մշտապես հատուկ ժապավեններ էին կապում՝ դրանք առավել արտահայտիչ դարձնելու համար։ Այս «ոլորտում» հայտնի էր նաև ամերիկացի Ֆրիկ Շլիտցին։

Պիպի ու Ֆլիպի ուղեղն ու գիտակցությունը հավասար էին մանկապարտեզի երեխայի ուղեղին ու գիտակցությանը․ նրանք սիրում էին խաղալ, չէին նեղանում ու վիրավորվում։ Իրենց կրկեսային կարիերայի պիկին Սնոու քույրերից յուրաքանչյուրը շաբաթական 75 դոլար էր աշխատում, ինչը նախկինում բավականին լավ վարձատրություն էր համարվում։ Իսկ ձմռանը նրանց տուն՝ Ջորջիա էին ուղարկում՝ արձակուրդի համար մեծ գումար վճարելով, իսկ քույրերն այդ ընթացքում ոչնչից չէին զրկում իրենց։

Ցավոք, կրտսեր քույրը՝ Ջենի Լին, կյանքից հեռացավ իր փառքի գագաթնակետին և երիտասարդ տարիքում՝ 1934 թ․ օգոստոսի 27-ին։ Իսկ ավագ քույրը՝ Էլվիրան, ապրեց մինչև 1976 թ․ նոյեմբեր ամիսը և մահացավ 75 տարեկան հասակում։