Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ ինքնամեկուսացել է


Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ ինքնամեկուսացել է
Մայիս 27 18:47 2020

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը  NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Վերջինիս խոսքով՝ կորոնավիրուս է հայտնաբերվել դատավորներից մեկի նիստերի քարտուղարի մոտ, որն այս պահին մեկուսացված է, իսկ նրա հետ անմիջական շփում ունեցած դատավորի կազմը (դատավոր, օգնական, գործավար), ինչպես նաև դատարանի ևս հինգ այլ աշխատակիցներ, ինքնամեկուսացել են:

«Վարակված աշխատակիցը բարձր իրավագիտակցություն է դրսևորել և մնացել է տանը։ Անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, երեկվանից վարակակրի հետ շփված անձինք ինքնամեկուսացվել են և աշխատանքի չեն գալիս»,– ասել է Փոլադյանը։

Այսօր առավոտից ախտահանման աշխատանքներ են իրականացվում Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Վարչական դատարանի շենքում։

Նույն շենքում է տեղակայված նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, որի տարածքը նույնպես ախտահանվել է։



loading...