17 խախտում, երեխայի վրաերթ. Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարից հայտնի Հրաչյա Հարությունյանին նորից են դատում


17 խախտում, երեխայի վրաերթ. Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարից հայտնի Հրաչյա Հարությունյանին նորից են դատում
Մայիս 10 23:56 2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Հրաչյա Հարությունյանի գործի դատական քննությունը:

1967 թվականին ծնված Հրաչյա Հարությունյանի անվան շուրջ մեր հանրապետությունում մեծ աղմուկ էր բարձրացել՝ կապված  ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի հետ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանը ՌԴ Մոսկվա քաղաքում իր վարած «ԿամԱԶ»-ով երթևեկելու ժամանակ վթար էր թույլ տվել, որի հետևանքով 18 մարդ մահացել էր, մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դրանից հետո Հրաչյա Հարությունյանին մոսկովյան դատարան էին տարել ծաղկավոր խալաթով, ինչը, որպես մարդու արժանապատվության նվաստացման դրսևորում, առաջացրել էր մեր երկրի քաղաքացիների վրդովմունքը:

ՌԴ Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի դատավճռով Հրաչյա Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ու վերջին հաշվով դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հուլիսի 14-ից:

4 տարի 1 ամիս ՌԴ-ում պատիժ կրելուց հետո,  2017թվականի կեսերին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան՝ հետագա պատիժը Հայաստանում կրելու նպատակով:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ օտարերկրյա պետության վերոհիշյալ դատավճիռը ճանաչվել ու թողնվել է անփոփոխ՝ դատավճռի կատարումը Հայաստանում շարունակելու համար: Հրաչյա Հարությունյանին մեղսագրված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ և 325 հոդվածի 1-ին մասերին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Հրաչյա Հարությունյանը պայմանական-վաղաժամկետ ազատվել է հիմնական պատժի մնացած մասը կրելուց, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով, և նա ազատ է արձակվել: Բայց նրա նկատմամբ սահմանված լրացուցիչ պատիժը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից  3 տարով զրկվելը, շարունակել է մնալ օրինական ուժի մեջ, լրացուցիչ պատիժը չի վերացվել:

Պայմանական-վաղաժամկետ ազատումից հետո Հրաչյա Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ վարորդական վկայականը վերականգնելու նպատակով, ստացել է վարորդական վկայական՝ B, C կարգերի:

Դրանից հետո, իր խոսքերով՝ տեղյակ չլինելով, որ երեք տարով զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին վարել է իր «Մերսեդես Բենց» մեքենան, ինչի համար քրեական գործ է հարուցվել ու կարճվել:

Իր նկատմամբ սահմանված լրացուցիչ պատժի՝ ուժի մեջ լինելու մասին Հրաչյա Հարությունյանը պատշաճ կարգով ծանուցվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին: ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի բաժնում Հրաչյա Հարությունյանը հայտարարություն է տվել, թե տեղյակ է, որ վարորդական իրավունքից զրկվել է երեք տարով, պարտավորվել է դատավճռում նշված ժամկետի ընթացքում չվարել տրանսպորտային միջոցներ, ստորագրել է տվյալ  հայտարարության տակ: Նույնաբովանդակ հայտարարություն նա ստորագրել է նաև 2019 թվականի հունվարի 25-ին:

Սակայն, ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիս ամսից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Հրաչյա Հարությունյանը միասնական դիտավորությամբ Երևանում վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մեքենան, որի ընթացքում թույլ է տվել ՃԵԿ մեկ տասնյակից ավելի խախտումներ, կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 17 որոշումներ:

Դատական ակտում արձանագրված է, որ Հրաչյա Հարությունյանը, իրազեկված լինելով, որ երեք տարով զրկված է վարորդական իրավունքից, միևնույն ժամանակ ունենալով առողջական խնդիրներ ու չկարողանալով այլ աշխատանք կատարել և հոգալ ընտանիքի կարիքները, իր «Մերսեդես Բենց» մեքենան շահագործել է որպես տաքսի՝ այդ ընթացքում մի քանի անգամ խախտելով ՃԵԿ համապատասխան պահանջները: Դրանց վերաբերյալ կայացվել են վարչական տույժ նշանակելու համապատասխան որոշումներ:

Դրանից բացի՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Հրաչյա Հարությունյանը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի սկզբնամասում, հետիոտնային անցման գծանշանների վրա իր «Մերսեդես Բենց» մեքենայի առջևի հատվածով վրաերթի է ենթարկել մի տղա երեխայի: Բարեբախտաբար, ծանր հետևանքներ չեն եղել:

Դատարանում Հրաչյա Հարությունյանը զղջացել է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Հրաչյա Հարությունյանի կողմից:

Դատարանը Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով՝ տրանսպորտային միջոց վարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

Հրաչյա Հարությունյանը 1 տարի 6 ամիս ժամկետով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Այս զրկման ժամկետում առկա է նաև մասնակիորեն գումարված լրացուցիչ պատիժը, որը նշանակել էր ՌԴ դատարանը: