Զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսվարողներ կանգնած են սնանկացման վտանգի առաջ, իսկ ներկայիս միջոցառումներով ոլորտը չենք կարող փրկել. Մեխակ Ապրեսյան


Զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսվարողներ կանգնած են սնանկացման վտանգի առաջ, իսկ ներկայիս միջոցառումներով ոլորտը չենք կարող փրկել. Մեխակ Ապրեսյան
Մայիս 2 23:55 2020

Բոլորի համար ակնհայտ է, որ առաջին կիսամյակը զբոսաշրջության իմաստով արդեն կորցրել ենք, քանի որ հունիս ամսվա այցելություններն ամբողջությամբ չեղարկված են, ներքին զբոսաշրջությունը կանգնած է, քանի որ տեղաշարժը սահմանափակված է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ ներկայացնելով նաև, թե որքան է տուժել երկիրը ոլորտի գործունեությունը կանգնեցնելուց հետո:

 

«Եթե համեմատենք անցած տարվա միայն ներգնա զբոսաշրջության ցուցանիշների հետ, կտեսնենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմում է 770 հազար, իսկ եթե հաշվի առնենք, որ ըստ ուսումնասիրության՝ մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում էր միջինը 700-800 դոլար, և դա բազմապատկենք զբոսաշրջիկների թվի հետ, ապա կստացվի, որ այդքան եկամուտ միայն ներգնա զբոսաշրջությունից է եղել: Եթե նույնիսկ հաշվի չառնենք, թե որքան աճ պետք է ունենայինք այս տարի, ապա առնվազն այդքան եկամուտ կորցրել ենք ներգնա զբոսաշրջության արդյունքում: Եթե կոպիտ հաշվարկ անենք, ապա կստացվի, որ դրա 20 տոկոսի չափով բյուջեի եկամուտներն են նվազել»,-ասաց նա:

 

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ոլորտի տնտեսվարողները եկամուտից զրկված են և աջակցության կարիք ունեն: «Զբոոսաշրությունը չի մահացել, այն դեռ ապրելու է և իր հետ ապրեցնելու է, պարզապես կանգնած է, քնած է և անհրաժեշտ է փրկել զբոսաշրջության ոլորտը փլուզումից»,-ասաց նա և նշեց, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկություն է ներկայացրել կառավարությանը, քննարկումներ են ունեցել պատգամավորների հետ:

 

«Շատ տնտեսվարողներ կանգնած են, ըստ էության, սնանկացման իրական վտանգի առաջ».-ասաց նա և նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը թեև ողջունելի են, բայց կարևորեց զբոսաշրջության ոլորտին առանձնահատուկ ուշադրություն դարձնելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: