Համացանցի օգտատերերը պահանջում են Հանրայինի ղեկավարության հրաժարականը


Համացանցի օգտատերերը պահանջում են Հանրայինի ղեկավարության հրաժարականը
Ապրիլ 18 23:03 2020

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական հետևանքները վերացնելու միջոցառումներին:

Վարչապետի այս ուղերձը շարունակում է քննարկումների առիթ լինել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Քննարկումները նոր թափ ստացան այսօր, երբ ուղերձի չստացված հատվածները հայտնվեցին համացանցում և այն Թաթուլի երգի համադրությամբ սկսեցին տարածել սոցիալական կայքերում:

Այս հոլովակը մեծ դժգոհություններ է առաջացրել մի շարք օգտատարերի մոտ, ովքեր մեղադրում են Հանրային հեռուստաընկերությանը՝ նման կադրերի արտահոսք թույլ տալու համար: Օգտատերերը պահանջում են նաև Հ1-ի ղեկավարության հրաշարականը:

Նշենք, որ կադրում երևում է նաև վարչապետի անձնական օպերատորը: Առհասարակ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձների նկարահանումների ընթացքին մասնակցում է լրատվականի պատասխանատուն, ով չպետք է թույլ տա նախապատրաստական աշխատանքների նկարահանումը, առավել ևս նման կադրերի հայտնվելը երկրորդ անձի ձեռքում: 

Տարօրինակ է նաև այն, որ վարչապետի խոսնակը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կամ Հ1-ի տնօրինությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, և դեռ չեն պարզել, թե ինչը կամ ով է եղել այս կադրերի արտահոսքի մեղավորը: