Մեր իշխանությունները լուրջ դժվարության են բախվել, ու մենք՝ հոռետեսներս, չենք հասկանում դա. Արա Գալոյան


Մեր իշխանությունները լուրջ դժվարության են բախվել, ու մենք՝ հոռետեսներս, չենք հասկանում դա. Արա Գալոյան
Ապրիլ 15 21:00 2020

«Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները

 

Այս օրերի ամենամոդայիկ թեման աջակցությունն է: Առաջին նախարարից մինչև վերջին պատգամավորը փորձում են գտնել աջակցության կարոտ խմբեր: Գտնել՝ աջակցելու նպատակով: Իսկ դա հեշտ գործ չէ:

 

Աղքատության գնահատման վերջին լայն ուսումնասիրությունը վերաբերում է 2018թ-ին: Այն աղքատության վերին գիծ սահմանել է 42 621 դրամը: Սա ամսական և մեկ չափահասի հաշվարկով: Դրանից պակաս տնօրինող-ծախսողները (ու տնային տնտեսությունները) համարվում են աղքատ: Հայտնի բան է՝ այս տարվա հունվարից թոշակառուների մեծ մասին աղքատ չես համարի: Այս թվերի համադրությամբ: Բայց նույնիսկ այդ՝ 2018-ի ուսումնասիրությունը բնակչության 23.5 տոկոսին «համարում» է աղքատ: Ավելին, այն նաև սահմանում էր՝ ում համարել ծայրահեղ աղքատ:

 

Ծայրահեղ աղքատության չափանիշը պարենային աղքատության գիծն է՝ 2018-ին 24 827 դրամ ամսական չափաբաժնով: Աղքատության հաշվարկման մեթոդաբանության (ներդրվել է 2009թ․) համաձայն՝ պարենային աղքատությունը հաշվարկում է օրական էներգետիկական 2412.1 կիլոկալորիա հաշվարկով: Սակայն հաճախ պաշտոնական վիճակագրությունն այս ցուցանիշը նվազեցնում է օրական 2100 կիլոկալորիայի հաշվարկով: Պաշտոնական վերջին տվյալներով՝ բնակչության 9.5 տոկոսի մոտ սննդի օրական կալորիականությունը ցածր է այդ ցուցանիշից:

 

Ինքնին հետաքրքիր է դիտարկել, թե ինչ բաղադրություն ունի պարենային աղքատությունը կամ, որ նույնն է՝ նվազագույն պարենային զամբյուղը: Վիճկոմիտեն զամբյուղի կառուցվածքը ներկայացնելիս նշում է, որ այն կազմվել է «ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի»: Այն կարելի է համարել օրինակելի շաբլոն, ուր 11 անուն սննդատեսակներ են ներառված: Դրանք, բնականաբար, զամբյուղում տարբեր տեսակարար կշիռ ունեն: Որովհետև հաշվարկողներին կարելի է անվանել լավատես:

 

Ըստ զամբյուղի կառուցվածքի հեղինակների՝ հացամթերքը պիտի զբաղեցներ զամբյուղի 19 տոկոսը: Նշենք, որ հացամթերք ասածը միայն հացը չէ, այլ նաև մակարոնեղենը, բրինձը, ձավարեղենը, ընդեղենը: Սակայն, նույն պաշտոնական ուսումնասիրությունների համաձայն, աղքատ տնտեսությունների սննդակարգում հացամթերքը 19 տոկոսի փոխարեն փաստացի 31 տոկոս է կազմում:

 

Նվազագույն զամբյուղի հաշվարկում ԱՆ լավատես մասնագետները 27 տոկոս մսամթերք են հաշավարկել: Ուսումնասիրությունների թիվը 13.1 տոկոս է:

 

Բանջարեղենի զանգվածը զամբյուղում հաշվարկվել է 5.4 տոկոս (առանց կարտոֆիլի հաշվարկի): Ուսումնասիրություններում կամ եթե կուզեք՝ իրականում այն 14.9 տոկոս է:

 

Զամբյուղի հեղինակ-հաշվարկողները նույնիսկ մրգի հաշվարկում են անճշտություն թույլ տվել: Մեղմ ասած: «Նախատեսված» 8.5 տոկոսի փոխարեն իրականում մրգի տեսակարար կշիռը 6 տոկոս է: Հնարավոր է, որ սա թույլատրելի (կամ հասկանալի) անճշտություն է: Բայց կաթնամթերքի տոկոսային շեղումն ինքնին հնարավորություն է տալիս ԱՆ մասնագիտական հաշվարկը անսահման լավատեսական համարել: Տեսեք՝ նրանք ենթադրել են, որ կաթնամթերքի կշիռը պարենային զամբյուղում կազմելու է 22 տոկոս: Իրականում այն մոտավորապես 12.6 տոկոս է (կաթնամթերք ասածը ներառում է նաև կարագ-պանիր ապրանքախումբը):

 

Հետաքրքիրն այն է, որ աղքատագույն պարենային զամբյուղը հաշվարկելիս ենթադրվել է, որ բուսական յուղի մասնաբաժինը կլինի 1.3 տոկոս, իսկ կարագինը՝ 8.8 տոկոս: Մասնագիտական նման կարծիք-հաշվարկն իսկապես, որ անուղղելի լավատեսություն պիտի ենթադրել: Ու նման լավատեսությունն իրավ պիտի, որ դժվարություններ ստեղծի իշխանությունների համար: Նման լավատեսության պարագային անհնարինության աստիճան դժվար է գտնել տնտեսական աջակցություն ունեցող մարդիկ ու սոցիալական խմբեր: Հետևաբար մեր իշխանությունները լուրջ դժվարության են բախվել: Ու մենք՝ հոռետեսներս, չենք հասկանում դա: