Ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար արդեն 100 միլիոն դոլար է հատկացվել. ՀՀ վարչապետ

Ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար արդեն 100 միլիոն դոլար է հատկացվել. ՀՀ վարչապետ
Ապրիլ 10 13:50 2020

Հայաստանի իշխանությունները միջոցառումների 10 փաթեթ են ընդունել` երկրի համար ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու համար: Մասնավորապես, 50 միլիոն դոլար է հատկացվել բնակչության առավել խոցելի հատվածների կարիքների եւ մասնավոր հատվածի աջակցության համար: Այս մասին ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վիդեոկոնֆերանսի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանում համաճարակաբանական իրավիճակին` նա պարզաբանել է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է` հիշեցնելով, որ արտակարգ դրությունն ուժի մեջ է մտել մարտի 16-ից, իսկ խիստ կարանտինը` մարտի 24-ից, խիստ սահմանափակումներ են մտցվել օդային եւ ցամաքային հաղորդակցության ոլորտում:

«Մենք մտադիր ենք ակտիվացնել համավարակի դեմ պայքարի միջոցառումները եւ մեծացնել թեստավորումների թիվը»,- նշել է Փաշինյանը՝ գործընկերներին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:

Նրա խոսքով՝ Հայաստանն իր կողմից պատրաստ է աջակցել ԵՏՄ գործընկերներին:

«Կորոնավիրուսի դեմ պայքարում միջոցառումների համակարգումը կարեւոր նշանակություն ունի»,- ամփոփել է վարչապետը:

Նշենք, որ ապրիլի 10-ին երկրում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք: Բացասական արդյունք է գրանցվել 5160 թեստավորման դեպքում: Հիմա փաստացի բուժվում է 777 անձ: Ապաքինվել է 149 մարդ, մահացել է 11 պացիենտ:

 

loading...