Կորոնավիրուսը չի խանգարի. Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են. Սուրեն Պապիկյան

Կորոնավիրուսը չի խանգարի. Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են. Սուրեն Պապիկյան
Ապրիլ 9 17:12 2020

Կորոնավիրուսը չի խանգարի, որ Հայաստանում իրականացվեն ավելի վաղ ծրագրված ճանապարհաշինական աշխատանքները: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 

«Ձեր ցուցմամբ ու պարետի երեկվա որոշմամբ՝ արդեն սկսվել են շինարարական աշխատանքներ տարբեր ուղղություններով: Ունենք մեկնարկած աշխատանքներ Մ6-ի ուղղությամբ, նաեւ գարնանային աշխատանքները, որ կապված են ճանապարհների սպասարկման հետ, կապալառուների կողմից արդեն մեկնարկել են»,- դիմելով վարչապետին՝ ասաց Պապիկյանը:

 

Նշենք, որ Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 17.7 կմ եւ մարզային նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ:

 

Ըստ այդմ՝ առաջարկվում է 4.1 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» եւ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» կատարումն ապահովվելու նպատակով:

 

Հիմնավորման համաձայն՝ 4.1 մլրդ դրամից 3.7 մլրդ դրամն անհրաժեշտ է 2019 թ. իրականացված, ինչպես նաեւ անավարտ շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, 73.9 մլն դրամը` նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար, եւ 353.4 մլն դրամը` տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ ճանապարհների մասով, անհրաժեշտ գումարները պայմանավորված են նաեւ նրանով, որ դեռեւս 2019թ. իրականացված աշխատանքների մի մասը պատվիրատուի կողմից չի ընդունվել՝ ոչ պատշաճ կամ թերի կատարելու պատճառով։

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անկախ կորոնավիրուսից նախորդ տարի մեր հրապարակած նախագծերը՝ այս տարի 500 կմ ճանապարհ վերանորոգելու հետ կապված, ամբողջությամբ ուժի մեջ է: «Սա շատ կարեւոր է, մենք պետք է նաեւ կապիտալ ծախսերի մասով մեր անելիքները քննարկենք, որովհետեւ ճգնաժամը հաղթահարելու իմաստով կապիտալ ծախսերը մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր: Կապիտալ ծախսն այն ուղղությունն է, որ իր հետեւից պետք է, այսպես ասած, քաշի նաեւ տնտեսության մյուս ճյուղերը:

 

Եվ մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա: Այն ծախսերը, որոնք մտածում ենք, որ այս տարի չենք կարող իրականացնել, բյուջեում վերաբաշխումներ ենք անում, որպեսզի առաջացած տարածքում հնարավորություն ունենանք ներգրավել նոր միջոցներ եւ ընդլայնել մեր պլանավորած կամ հնարավոր կապիտալ ծախսերի մասշտաբը: Այս թեմայով նույնպես մեր քննարկումները սկսել ենք եւ կշարունակենք մինչեւ համոզվենք, որ այդտեղ հարցը կարգաբերել ենք հնարավորինս լավագույն ձեւով»,- նշել է վարչապետը եւ հույս հայտնել, որ ամեն ինչ կընթանա նախատեսածով:

loading...