Ինչպե՞ս է որոշվել քաղաքացիներին 26,5 հազար դրամ աջակցություն տրամադրելու չափը. Բաթոյանը պարզաբանեց


Ինչպե՞ս է որոշվել քաղաքացիներին 26,5 հազար դրամ աջակցություն տրամադրելու չափը. Բաթոյանը պարզաբանեց
Ապրիլ 9 15:04 2020

Քանի որ այս դեպքում գործ ունենք մեծ թվով մարդկանց հետ, եւ  ծրագրերն ուղղված են մեղմելու սոցիալական վիճակը, բնականաբար, դրանք չեն կարող ամբողջությամբ բարելավել եւ բավարար լինել, բայց կարող են լարվածությունը որեւէ կերպ մեղմել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակներում որոշվել, որ չաշխատող ծնողներ ունեցող յուրաքանչյուր երեխայի հատկացվում է ընդամենը 26,5 հազար դրամ, եւ արդյոք դա բավարար է:

 

Բաթոյանը նշեց, որ 26,5 հազար դրամը նվազագույն զամբյուղի շեմն է վերցված, որը նաեւ նպաստների համար է սահմանված:

 

 

«Բնականաբար, եթե մենք խոսում ենք ամբողջությամբ կարիքները բավարարելու մասին, ապա սա ավելի բարդ է: Բայց նկատի ունենալով, որ ավելի մեծ թվով մարդկանց ենք ուզում աջակցել, եւ նաեւ որեւէ մեկը կանխատեսել չի կարող, թե որքան այս վիճակը կշարունակվի, որքան քաղաքացիներ կունենան աջակցության կարիք,  մենք ավելի մեծ աջակցության մասին չենք կարող մտածել:

 

Բացի այսպես ասած, դասական շահառուներից, որ ունեցել է նախարարությունը, հիմա հայտնվել են տարբեր մեծ խմբեր, որոնք մեր շահառուները չեն եղել, բայց այս պահին աջակցության կարիք ունեն: Որպեսզի այս աջակցությունը դառնա հասցեական, մենք այս ճանապարհն ենք ընտրել»,-ասաց նախարարը:

 

Իր հերթին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Սա իրավիճակային եւ օրվա խնդրից բխող քաղաքականություն է, որը ճիշտ է: Տեղին չէ այս միջոցառման գնահատական տալ որպես մշտական միջոցառում: Իրավիճակից կախված որեւէ մեկը չի բացառում, որ վաղը, մյուս օրը որեւէ նոր հերթական միջոցառումը չի լինի: Այսօր գնահատական տալ, թե միջոցառման չափը որքանով է բավարար կամ ոչ, այո, իրավունք ունեն, բայց այնուամենայնիվ եկեք հասկանանք մեր անելիքների  տրամաբանությունը եւ որոշակի սահմանափակ ռեսուրսների պարագայում իհարկե, մենք պետք է գործենք թիրախավորված»: