Կորոնավիրուսի պանդեմիան կարող է դառնալ պահպանակների պակասի պատճառ. AFP


Կորոնավիրուսի պանդեմիան կարող է դառնալ պահպանակների պակասի պատճառ. AFP
Ապրիլ 9 11:10 2020

Կորոնավիրուսի պանդեմիան կարող է դառնալ պահպանակների պակասի պատճառ, քանի որ կարանտին սահմանելու կապակցությամբ ֆաբրիկաները փակվում են, ինչը խախտում է մատակարարման շղթան, հայտարարել է աշխարհում հակաբեղմնավորիչ միջոցների խոշորագույն արտադրողը, հաղորդում է AFP-ը:

 

Մալայզիան, որն աշխարհում կաուչուկի խոշորագույն արտադրողը եւ պահպանակների հիմնական աղբյուրն է, անցած ամիս սահմանել է մեկուսացման ռեժիմ, քանի որ Հարավ-Արեւելյան Ասիայում վարակվածների մակարդակը ավելացել է՝ հասնելով ամենաբարձր ցուցանշի:

 

Karex հակաբեղմնավորիչ հսկայի համար սահմանափակումները նշանակում են, որ ընկերությունը մեկ ամսում կարտադրի 200 միլիոն հատ պակաս պահպանակ, քան սովորաբար արտադրում էր ամսական կտրվածքով:

 

«Աշխարհը հավանաբար կբախվի պահպանակների պակասի հետ»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Karex-ի գործադիր տնօրեն Գո Միա Քիատան: «Դա բարդ է, սակայն մենք կփորձենք անել հնարավորինս ամեն ինչ: Դա, անշուշտ, լուրջ խնդիր է. պահպանակը կարեւոր բժշկական պրոդուկտ է: Երբ մենք պայքարում ենք COVID-19 պանդեմիայի դեմ, կան նաեւ ուրիշ լուրջ խնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել»,-ասել է նա՝ հավելելով, որ հատկապես անհանգստացած է զարգացած երկրներում պահպանակների մատակարարման պակասով:

 

Karex-ը ստիպված էր փակել իր գործարանները մինչեւ ապրիլի 14-ը: Ընկերությանը թույլատրվել էր վերականգնել աշխատանքը, սակայն միայն 50 տոկոսով:

 

«Պահպանակների կամ ինչ-որ հակաբեղմնավորիչ միջոցների պակասը կարող է հանգեցնել անցանկալի հղիությունների թվի աճին, ինչն ունի քայքայիչ բժշկական եւ սոցիալական հետեւանքներ դեռահաս աղջիկների, կանանց, նրանց զուգընկերների եւ ընտանիքների համար»,-ասել է ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի ներկայացուցիչը: Դա նաեւ ռիսկային է հղիության վտանգավոր արհեստական ընդհատումների եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ու ՄԻԱՎ-ի աճի առումով:

 

Անգամ չհաշված, որ գործարանների եւ սահմանների փակումը հանգեցրել է քաոսի պահպանակների արտադրության ոլորտում, պահանջարկը, կարծես, աճում է. հնդկական ԶԼՄ-ները հաղորդում են, որ պահպանակների պահանջարկն աճել է 25-35 տոկոսով երկրում մեկուսացում հայտարարելուց մեկ շաբաթ անց: