Ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա. վարչապետ (տեսանյութ)


Ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա. վարչապետ (տեսանյութ)
Ապրիլ 2 12:18 2020

2019 թվականի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 միլիարդ դրամի չափով, և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 միլիարդով կամ 16,5 տոկոսով:

 

Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատությամբ՝ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան հարյուր միլիարդ դրամով: Բոլորս գիտակցում ենք, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով անորոշություններ շատ կան, ակնհայտ է, որ այս տեմպերը կկորցնենք»,-ասաց նա և նշեց, որ արձանագրված տեմպերը ապացուցում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը արդյունավետ է, տիրապետում են տնտեսության զարկերակին և այս պայմաններում նույնքան արդյունավետ պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել:

 

«Այս ճգնաժամը ոչ թե պետք է առիթ դառնա, որ հարկային կարգապահությունը նվազեցնենք, այլ ընդհակառակը՝ ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա: Այն շրջիկ խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք հավաքում, ուզում եմ ընդգծել, որ հարկերը գոյանում են եկամուտների, շահույթների պարագայում և հնարավոր չէ հարկեր հավաքել»,-ասաց նա: