Հայաստանն էլեկտրոնային հետապնդման համակա՞րգ է ստեղծում. ի՞նչ նպատակ է հետապնդում այն


Հայաստանն էլեկտրոնային հետապնդման համակա՞րգ է ստեղծում. ի՞նչ նպատակ է հետապնդում այն
Մարտ 30 20:10 2020

«ՏՏ մասնագետների խորհրդով» (Ռուսամ Բադասյանի բնութագրումն է) մշակված ու «ինքնանպատակ գործողություն չհանդիսացող» Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին առնչվող  հարցերից մեկն՝ ընդգրկված մայիսի 30-ի՝ Կառավարության որոշմամբ գումարված Ազգային ժողովի արտակարգ նիստի օրակարգում,  որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել (նախագծով նախատեսվում է ստեղծել  հատուկ խումբ՝ բաղկացած Հայաստանից և արտասահմանից հրավիրված փորձագետներից), մասնավորապես՝ սպառնում է Հայաստանն ու դրա հասարակությանը վերածել պետական տոտալ լրտեսության օբյեկտի. հնարավորություն է ստեղծվում միջամտելու անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, հաղորդակցության գաղտնիության իրավունքներին:

 

Չնայած նախարար Բադասյանը վստահեցրել է, թե միջամտությունը սահմանափակ է, կատարվում է արտակարգ դրության շրջանակներում ու դրանով էլ ավարտվելու է, սակայն միանշանակ է, որ ստեղծվելիք միասնական մեկ հարթակը, որտեղ հավաքագրվելու են քաղաքացիների (անկախ նրանից անձը վարակակիր է, թե՝ կոնտակտավոր)   հեռախոսահամարները, արձանագրվելու են մարդկանց հեռախոսային խոսակցության սկիզբն ու ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները, օբյեկտիվորեն չի կարող մտահոգություններ չառաջացնել՝ հատկապես որ, մեղմ ասած, անհասկանալի է, թե մարդկանց հեռախոսազրույցները լսելու միջոցով ինչպես են իշխանությունները կանխելու կորոնավիրուսային համաճարակի արագ տարածումը (վարակվածների թիվն, ըստ պաշտոնական տվյալների, մոտենում է արդեն 500-ի) և կամ այն օգնելու է ավելի շատ վիրուսի տարածման կանխարգելմա՞նը, թե՞ քաղաքացիների  տոտալ վերահսկմանը՝ հակառակ միջազգային փորձի. որոշ երկրներում, ինչպես ասենք ԱՄՆ-ում, Իսրայելում, Գերմանիայում և այլն կարծես նույնպես նեդրվել են վերահսկողական մեխանիզմներ, որոնց թիրախը, սակայն, ոչ թե ասենք քաղաքացիների շփման շրջանակը պարզելն է, այլ բացառապես կորոնավիրուսի տարածմանը վերաբերող ստատիստիկ տվյալների ձեռքբերումը:

 

Ընդ որում՝ քաղաքացիները պարտավորված են լինելու ունենալ համապատասխան սարքեր, որոնք կվերահսկեն նրանց տեղաշարժը, առողջության վիճակը, գտնվելու վայրը և այլն, իսկ  համապատասխան  պարտականության խախտումը հավասարազոր է լինելու ինքնամեկուսացման պահանջին չենթարկվելուն ու տուգանվելու է 100000-250000 դրամով։

 

Ակնհայտ է, որ արտակարգ դրությամբ ու կորոնավիրուսով պատճառաբանվող նմանօրինակ քայլը լրջագույն հարվածի տակ կարող է դնել «մարդու իրավունքներ» ասվածը Հայաստանում: Գլխավոր հարցը, որ առաջ է գալիս՝ այս ամենի հետ կապված, թերևս, երաշխիքների հարցն է: Ի՞նչ երաշխիք, որ արտակարգ դրության քողի տակ փորձ չի արվում լուծել ոչ այնքան առողջապահական խնդիրներ, որքան՝ քաղաքական: Եթե ուժայիններին տրվում է պրակտիկորեն անսահմանափակ իրավունքներ՝ ուզածդ քաղաքացուն գաղտնալսելու, ֆիքսելու տեղաշարժն ու հետևելու, ապա  ակնհայտորեն առաջ է գալու, այսպես ասած, առաջնային թիրախայնության խմբում հայտնվողների խնդիրը. իշխանությունները բացառիկ հնարավորություն են ստանում՝ վերահսկելու հատկապես իրենց համար ռիսկային համարվող գործիչների՝ լրագրողների, հասարակական-քաղաքական գործիչների տեղաշարժն ու խոսակցությունները, շփման շրջանակն ու կյանքի ռիթմը:

 

Արդյոք կա՞ երաշխիք, որ  ձեռք բերվելիք համապատասխան ինֆորմացիան հետագայում չի բանեցվի քաղաքական նպատակներով՝ նկատի ունենալով ինչ-ինչ հարցերի նկատմամբ (օրինակ խոսքի ազատության խնդրում) իշխանությունների գերզգայուն վերաբերմունքը: Հայաստանում կարող է ավտորիտար կամ, որ ավելի վատ է, պրակտիկորեն տոտալիտար  ռեժիմ հաստատվել՝ պարուրված, սակայն, ժողովրդավարության կամ, որ է՛լ ավելի գեղեցիկ է հնչում, առողջապահական անվտանգության քողով: Առաջին հայացքից (հաշվի առնելով կիրառման ժամանակահատվածի սահմանափակ լինելը) Սահմանադրության 33-րդ (հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և 34-րդ (անձնական տվյալների պաշտպանություն) հոդվածների հետ հակասության մեջ չմտնող նախագիծը հետագայում, սակայն, կարող է շատ լավ լծակ դառնալ իշխանությունների ձեռքին՝ աննախադեպ արդյունավետությամբ չեզոքացնելու ասենք էյֆորիայի մարման կողմնակի հետևանքները՝ հատկապես որ նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետում հստակ ասվում է, որ մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջը արգելք չէ ապանձնավորված վիճակագրական տվյալները պահպանելու և օգտագործելու համար՝ չնայած որ նույն Ռուստամ Բադասյանը հայտարարում է, որ ապանձնավորված տվյալները որևէ անձնական տվյալ չեն պարունակում, դրանք վիճակագրական տվյալներ են, որից կարող է Կառավարությունը որոշակի եզրահանգումների գալ՝ «վնասների հատուցման հարցեր քննարկելու, ապագայում համաճարակների կանխարգելման լավ ռազմավարություն մշակելու համար»:

Նյութր tert.am-ի



loading...