Պատգամավորը առաջարկում է քաղաքացիներին եռամսյա վարկային արձակուրդ տրամադրել․ նախագիծը շրջանառության մեջ է դրվել


Պատգամավորը առաջարկում է քաղաքացիներին եռամսյա վարկային արձակուրդ տրամադրել․ նախագիծը շրջանառության մեջ է դրվել
Մարտ 26 19:34 2020

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագծերի փաթեթ է դրել շրջանառության մեջ, որոն նախատեսվում է փոփոխություններ կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և քաղաքացիական օրենսգրքում։

 

Պատգամավորը առաջարկում է սահմանել, որ եթե արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների և խստացումների, ինչի հետևանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց և եկամուտներից` օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ:

 

Պատգամավորը հիմնավորման մեջ նշել է․ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացով, որն ակնառու է դարձել Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված իրավիճակում:

 

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն բնակչության պաշտպանության, կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից ելնելով: Խստացվել և սահմանափակվել է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների աշխատանքները, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից:

 

Գաղտնիք չէ, որ մեր երկրում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այդ է պատճառը, որը ներկայացնում եմ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ որոնց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ, փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը և բարի կամքի դրսևորմանը»:



loading...