Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Այս մասին իր ուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը շատ ավելի խորն է լինելու, քան 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ: Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին: Բայց ինչպես ասել եմ նախկինում, այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղն ու դիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության օրակարգն ավելի արդյունավետ կյանքի կոչելու համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ աշխարհում համախառն ներքին արդյունքի երեք տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն այդքան տեղ է ազատվելու և պետք է այսօրվանից տրամադրվենք, որ այդ ազատված տեղից առնվազ 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի առաջիկա 5 տարվա ընթացքում: «Սա նշանակում է, որ խնդիր ենք դրել զբաղեցնել ազատվող շուկայի մեկ տոկոսը»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ կառավարությունը հստակ քայլեր է մշակել բիզնեսի մրցունակ և հեռանկարային հատվածին աջակցելու համար և այդպիսի առաջին փաթեթները կընդունվեն կառավարության նիստում: «Ընդհանուր առմամբ կառավարությունը 150 միլիարդ դրամ է տրամադրելու ոչ թե ճգնաժամային այս վիճակին դիմակայելու, այլ հետճնգաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար: Գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր կընդունենք և բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն»,-ասաց նա և նշեց, որ առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն կոոպերատիվների համար:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ գյուղատնտեսական գործունեությունն այս օրերին չպետք է արգալկվի և կոչ արեց ակտիվ զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ, քանի որ այն համարվում է կենսական: «Կառավարությունն առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունի գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացնելու, և անհրաժեշտ լիգվիդայնությամբ ապահովելու՝ այդ թվում աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձերը վճարելու համար»,-ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը շարունակում է աշխատել սոցիալական աջակցության փաթեթի շուրջ և որի համար տրամադրելու են 25 միլիարդ դրամ: Նա նշեց, որ սրանով աշխատանքները չեն դադարելու և աշխատող մարդկանց աջակցելու են:










