«Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով ծեծել». ուշագրավ մանրամասներ Գորիսի քաղաքապետի հետ կապվող միջադեպից


«Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով ծեծել». ուշագրավ մանրամասներ Գորիսի քաղաքապետի հետ կապվող միջադեպից
Մարտ 22 21:28 2020

Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Irakanum.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Հիշեցնենք, որ մի քանի օր է ինչ մամուլը գրում է, որ քաղաքապետը եւ նրա տեղակալը առեւանգել են Գուրեն Հ. Անունով քաղաքացուն եւ պարտադրել 33 միլիոն դրամ տալ իրենց: Գուգրեն Հ.-ի փաստաբան Լուսինե Զեյնալյանը Irakanum.am-ի հարցերին ի պատասխան որոշ տեղեկություններ է փոխանցել:

Մասնավորապես, Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող շինանյութի խանութներից մեկում: 2020 թվականին ինչ-որ վերահաշվարկ է կատարվել եւ Գուրգեն Հ.-ից պահանջել են նշյալ գումարը: «Հաշվարկ են կատարել եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, սպառնալիքներով, ծեծելով ձեռքից խլել են ավտոմեքենան եւ անձնագիրը, պահանջել են այլ գույք գրավադրի եւ գումար ստանա»,- ասաց փաստաբանը:

Երիատասարդը չհամաձայնելով նշյալ գումարը վճարել, դիմել է փաստաբանների: «Այդ երիտասարդը սոցալապես անապահով է: Քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն այլ անձանց հետ, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ նրան ապօրինի ազատությունից զրկել են, ծեծել են եւ ձեռքից խլել են ավտոմեքենայի բանալիները եւ առանց իր համաձայնության մեքենան տարել են իրենց հետ:

Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով պահնաջներ են ներկայացրել, հետո ծեծի ենթարկել: Ծեծի ընթացքում գրպանից ընկել է մեքենայի բանալին, բանալին ձեռքից տարել են»,- ասաց Լուսինե Զեյնալյանը եւ շարունակեց. «Այնուհետ, վերցրել են տան սեփականաշնորհման վկայականը եւ մեզ դեռեւս անհայտ ճանապարհներով սեփականաշնորհում են կատարել, որպեսզի տուժողի տունը բանկ դնեն:

Պարզել են, որ հնարավոր չի, քանի որ այլ անձիք էլ են գրանցված եղել: Տեսել են, որ տունը ոչ մի բան չեն կարողանում անել վկայականը հետ են տվել»: Փաստաբանը պնդում է, որ իր վստահորդին եւ նրա ընտանիքի անդամներին հոգեբանական բռնությունների են ենթարկել, ահաբեկել: «Այդ երիտասարդը իմ գրասենյակում նստած վախից չէր կարողանում խոսել: Նա փախել էր Գորիսից, իսկ ընտանիքին այնտեղ էին ահաբեկում: Կինը, մայրը, եղբայրը վախի մեջ էին: Ամուսինը ինձ մոտ նստած կինը զանգում լացում էր, որ իրեն անհանգստացնում են»: Լուսինե Զեյնալյանը նաեւ ասաց, որ Գուրգեն Հ.-ն բարեկամական կապեր ունի քաղաքապետի հետ:

«Տուժողն ազգակացական կապ ունի քաղաքապետի հետ: Տուժողի մորական կողմից բարեկամներ են»: Ըստ Փաստաբանի՝ տուժողը երկու մանկահասակ երեխա ունի, սպասում են երրորդ երեխային,  նախկինում ծառայել է ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական որ, որը քննվում է ՔԿ-ի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ խուզարկություն է իրականացվել Գորիսի քաղաքապետի տանը: Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Գորիսի քաղաքապետից եւ նրա տեղակալից, սակայն նրանք մեր զանգերն անպատասխան թողեցին:

Իսկ երբ Մենուա Հովսեփյանին հաղորդագրության միջոցով տեղեկացրեցինք, որ պարզաբանում ենք ցանկանում, պատասխան հաղորդագրություն ուղարկեց, որ կզանգահարի, բայց այդպես էլ կապ չհաստատեց մեզ հետ: