Ցանկացած գործարար, երկիր, պետություն, ցանկացած մարդ այս իրավիճակում տուժելու է. Հակոբ Հակոբյան


Ցանկացած գործարար, երկիր, պետություն, ցանկացած մարդ այս իրավիճակում տուժելու է.  Հակոբ Հակոբյան
Մարտ 20 22:11 2020

Քանի որ մենք աշխատում ենք սննդի ոլորտում, բոլոր ռեստորաններն ու սրճարաններն էլ հիմնականում փակված են, բնականաբար, դա ազդում է սպառման վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարար Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ պայմանավորված կորոնավիրուսով՝ խնդիրներ ամբողջ աշխարհում կան և նույնն են:

 

 

Իսկ թե երկրում հայտարարված արտակարգ դրությունը դրանից հետո ինչպես կազդի գործարարների և առհասարակ տնտեսության վրա, Հակոբյանը պատասխանեց, որ գուշակություններ չի ուզում անել:

 

«Չեմ կարող ասել, թե իրավիճակն ինչպես կընթանա, տարբեր երկրներ տարբեր ձևով են առաջնորդվում: Այս ամենից հետո, եթե ապրանք վաճառվի, լավ կլինի, եթե չվաճառվի, շատ վատ կլինի, հետևանքները այս պահին չեմ կարող ասել»,- ասաց նա:

 

Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե այս վիճակը երկար տևի, մեկ ամսից ավել ձգվի, գործարարների մեծ մասը բանկերի օգնության կարիքն իսկապես կունենա, որովհետև եթե գումար չաշխատես, ոչ կարող ես վարկեր մարել, ոչ կարող ես տոկոսներ վճարել․

 

«Եթե այդպես ստացվի, կդիմենք համապատասխան կառույցներին՝ օգնելու, այս պահին մենք կոնկրետ դրա կարիքը չունենք, բայց վաղը, մյուս օր ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի, որովհետև ամեն օր ինչ-որ բան լինում է»։

 

Նա տեղեկացրեց, որ իրենց գործարան այս պահի աշխատում է, հակահամաճարակային միջոցառումներ են կիրառվում գործարանում, աշխատոնղերից որոնք իրենց լավ չեն զգում, չեն թողնում մտնեն գործարան:

 

Հարցին՝ ի՞նչ է պետք տնտեսվարողին այս իրավիճակից դուրս գալու համար, նա ասաց, որ հնարավորինս շուտ պետք է վերանա վարակը, որ իրենք էլ կարողանան նորմալ իրացնել ապրանքը:  «Իհարկե, ցանկացած գործարար, երկիր, պետություն, ցանկացած մարդ այս իրավիճակում տուժելու է, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ: Այստեղ պետք չէ փնտրել որևէ մեղավորի, որովհետև սա համաշխարհային ճգնաժամ է»,- ասաց նա և հավելեց, որ բացի այդ պետության կողմից հայտարարվել է, որ պատրաստ են օժանդակել տնտեսվարողներին:

 

«Քանի որ մեր ճյուղը սննդի ճյուղ է, կախված է ռեստորանների, սրճարանների աշխատանքից, ինչքան փակ մնան, այնքան մեր գործերը վատ կլինեն, եթե շուտ բացվեն, այդ դեպքում կսկսենք վերականգնվել»,- շեշտեց նա:

 

Հակոբյանը նշեց, որ իրենց ապրանքը միայն ռեստորաններում և սրճարաններում չի սպառվում, այլ նաև բոլոր սննդի խանութներում, ունեն նաև փոքր արտահանում:

 

«Արտահանումը չի դադարեցվել, արտահանման մեծ մասը՝ 90 տոկոս ռուսական շուկա է գնում, այս պահին Լարսը փակ է ձյան պատճառով: Ունենք մեքենաներ և մյուս կողմից եկող, հումք են բերում, ունենք նաև արտահանող մեքենաներ: Գնալով եղանակը տաքանում է, հույս ունեմ Լարսը շուտ կբացվի և շարժը կլինի, արտահանման խնդիրը կլուծվի: Բնականաբար արտահանումն անցած տարվա այս ժամանակին չի կարող հասնել»,- նշեց նա:

 

Դիտարկմանը, որ արտակարգ դրություն է և մարդկանց մեծ մասն աշխատանքի չի գնում, ՊԵԿ նախագահն էլ հայտարարել է, որ գործատուն պարտավոր է վճարել աշխատանքի չներկայցող աշխատակցին, նա ասաց. «Կարծում եմ՝ մենք պետք է լավ գիտակցենք, որ եթե դու ապրանք չես իրացնում, գումար չես ստանում, չես կարող վճարել աշխատանքի չեկող աշխատակցի համար: Այսօր գործարարների մեծ մասը հնարավորություն չունի, տներում հավաքած գումարներ չունի, որ բերի, վճարի: Այս պահին չեմ կարող ասել, թե վաղը ոնց կլինի, եղած տեղից են գումարը վճարում, չեղած տեղից ինչպե՞ս վճարես:

 

Հասկանալի է՝ պետք է և՛ աշխատավարձ վճարես, և՛ հարկ վճարես, և՛ վարկային պարտավորոթյուններ կատարես. բայց եղած տեղից: Խոսքն իմ մասին չէ, փառք աստծո, այս պահին դեռ կարողանում ենք հասցնել, բայց գործարարներ հնարավոր է լինեն, որ չկարողանան, եթե շատ երկարի այս վիճակը, բնականաբար, մենք էլ չենք կարողանալու այդ թվարկած գումարները վճարել»,- նշեց նա: