Տավուշի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավոր 2 երեխաների վիճակը կայուն ծանր է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ


Տավուշի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավոր 2 երեխաների վիճակը կայուն ծանր է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Փետրվար 25 12:37 2020

Նախօրեին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 4 մարդ է մահացել, եւս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը երեխաներ են, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. երկուսի վիճակն էլ կայուն ծանր է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նախօրեին խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետեւանքով 4 մարդ է մահացել, եւս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, դիմային ոսկրերի կոտրվածք, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք: Միացված է եղել արհեստական շնչառության սարք, այժմ շնչում է ինքնուրույն:

5 տարեկան տղան էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել սանիտարական ուղղաթիռով: Երեխայի մոտ եղել է ներքին արյունահոսություն, որովայնի խոռոչում 500 մլ. արյուն: Ունի նաեւ աջ թոքի սալջարդ, եղել է շոկային վիճակում, որից դուրս գալուց հետո վիրահատվել է:

Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է, գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ»։



loading...