Կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջրերը հոսում ու լցվում են Վանաձոր քաղաք (տեսանյութ)


Կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջրերը հոսում ու լցվում են Վանաձոր քաղաք (տեսանյութ)
Փետրվար 24 21:17 2020

Արդեն 10 օր է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջրերը հոսում ու լցվում են Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի գերեզմանների մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեղտաջրերը արդեն ողողել են հարյուրավոր գերեզմաններ, նրանց մեծ մասն արդեն շարքից դուրս է եկել, քանի որ կեղտաջրերը խարխլել են գերեզմանների պատերն ու թուլացրել:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հանգուցյալների հարազատներն ասում էին. «Ով ա սենց սրբապղծություն տեսել, որ կեղտաջրերը հարամեն մեր հանգուցյալների շիրիմները: Մեռանք էդ Վեոլային զանգելով, մենակ ասում են թե կգան, բայց արդեն 10 օր ա խաբար չկա, մինչդեռ կեղտաջրերը հասել լցվել են շիրիմների մեջ: Մահացածների նկարների առաջ կեղտաջրերի գյոլ է առաջացել, ոտք դնելու տեղ չկա:

Սենց բան դաժե կինոներում չէին կարող պատկերացնել, սա սրբապղծությունն է»: Հանգուցյալների հարազատներն այս ամենի մեջ մեղադրում են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ասելով. «Երբ տեսանք, որ կոյուղատարը խցանվել է, անմիջապես զանգահարել ենք, օրը մի քանի անգամ նույնիսկ, բայց ամեն անգամ տարբեր բաներ են ասում, մի դեպքում՝ տեխնիկան տարածքում չի կարող աշխատել, մի դեպքում էլ՝ խնդիրն է լուրջ, բայց ում է դա հետաքրքիր, որ մենք էլ գնանք իրենց հարազատների գերեզմանների հետ նման կերպ վարվենք, իրենք ինչպես կվարվեն մեզ հետ»:

Բնակիչները նաեւ ասում էին, տարիներ առաջ այս գերեզմանատանը վաճառվել են բոլոր տեղերը, մինչդեռ շատ գերեզմանների տակով կոյուղատար է անցնում, ինչի մասին բնակիչներին տարածք վաճառողները չեն տեղեկացրել, արդյունքում, ըստ բնակիչների, շատ գերեզմաններ կառուցվել են հենց կոյուղագծի ու դիտահորերի վրա կամ հարեւանությամբ:

Հանգուցյալների հարազատները սեփական ձեռքերով են փորձում խնդիրը լուծել, փորձելով փոխել կոյուղաջրի հոսքը, սակայն փրկելով իրենց հարազատի գերեզմանը, ջուրը այդ դեպքում էլ լցվում է մեկ այլ մահացածի շիրիմի վրա:

 



loading...