Առողջապահության նախարարությունն աշխատում է դիմակներ ներկրելու ուղղությամբ


Առողջապահության նախարարությունն աշխատում է դիմակներ ներկրելու ուղղությամբ
Փետրվար 24 20:31 2020

ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դիմել է մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այս մասին հայտնեց կորոնավիրուսի թեմայով հրավիրված ասուլիսում:

 

Վանյանն ընդունեց, որ բժշկական դիմակների բացակայությունն իսկապես խնդիր է, սակայն դա խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մի շարք այլ երկրներում, նա վստահեցրեց՝ զբաղվում են այդ հարցով:

 

«Այս խնդիրը հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դիմել է մի շարք աղբյուրների, որպեսզի մեծ խմբաքանակով փորձենք ներկրել»,-ասաց Վանյանն ու վստահեցրեց՝ հիմա զբաղվում են այդ հարցով:

 

Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից: Նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, մոտ 160 հազար հատ ձեռք է բերվել: Եվ հիմա գործընթացներ են տարվում լրացուցիչ դիմակների քանակ ձեռք բերելու համար: Նա վստահեցրեց՝ բուժհիմնարկները պատրաստ են, եթե կորոնավիրուսի դեպք լինի, կտրվեն դիմակներ՝ այդ թվում կոնտակտավորներին:

 

Վանյանը նշեց՝ պետք չէ կրել դիմակներ, պետք է հիգիենան պաշտպանել: Նա հիշեցրեց՝ խորհուրդ են տալիս դիմակ կրել, երբ կա հիվանդ, շեշտեց՝ ներկա պահին հիվանդ չունենք: Վանյանը նշեց՝ կան պաշտպանիչ դիմակներ կրելու հստակ կանոններ , օրինակ հիվանդ մարդու հետ շփվելիս պետք կրել դիմակ, կան կանոններ, թե ինչպես կրել օրինակ երթուղային տաքսիում, համաճարակի դեպքում և այլն: «Բայց մենք այսօր չունենք համաճարակ, և ինձ թվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների նվազում ունենք, այս մասով էլ կարող ենք հանգիստ լինել»,-նշեց Վանյանն ու հիշեցրեց, որ այնուամենայնիվ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են այդ հարցով:

 

Հայաստանի մի շարք դեղատներում բժշկական դիմակների խիստ պակաս է զգացվում, որոշ դեղատներում դրանք առհասարակ չկան, որոշումներում էլ վաճառում են սահմանափակ քանակով, օրինակ՝ մեկ անձին առավելագույնը 5 հատ: Որոշ դեղատներ սկսել են դիմակները վաճառել սովորականից շատ ավելի բարձր գնով՝ հասցնելով մինչև 210 դրամի:

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 24-ին հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: