Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին


Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Փետրվար 24 17:36 2020

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին:

Ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետը արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Դրանից հետո վարչապետը հրապարակել էր գրիչի լուսանկար, որը Թովմասյանն էր իրեն նվիրել ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ եւ նշել, որ Թովմասյանն այդ օրը իրեն դիմել էր բացառապես՝ «Պարոն վարչապետ ջան» եւ «Պարոն Փաշինյան ջան»-ով: 

Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: