Առաջին լուսանկարները Միշայի և Սոֆյա Պողոսյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակից. «փոքրիկ ղարաբաղցին» ամերիկյան շուկա մտնելու առաջին քայլերն է անում


Առաջին լուսանկարները Միշայի և Սոֆյա Պողոսյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակից. «փոքրիկ ղարաբաղցին» ամերիկյան շուկա մտնելու առաջին քայլերն է անում
Փետրվար 24 16:40 2020

«Փոքրիկ ղարաբաղցին»՝ Միշա Գրիգորյանը, առաջիկայում իր հետևորդներին կներկայանա մի շարք նորություններով։ Ներկայումս նա նկարահանում է միանգամից երկու տեսահոլովակ՝ մեկը Երևանում, մյուսը՝ Մոսկվայում, որոնք լսարանին կներկայացնի իր նոր՝ Միշա Գրիգ բեմական անվամբ:

Tert.am Life-ը հետևել է պատանի կատարողի «Մամա» երգի տեսահոլովակի նկարահանաման ընթացքին և նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ զրուցել Միշայի վերջին ձեռքբերումների ու նորությունների մասին։  

«Մամա» երգի տեսահոլովակում մոր կերպարը մարմնավորում է դերասանուհի Սոֆյա Պողոսյանը։ «Շատ գեղեցիկ և հուզիչ կերպար ենք ստացել։ Չնայած Սոֆյան ու Միշան ընդամենը մեկ օր են իրար հետ շփվել, շատ լավ հասկանում ու զգում էին իրար։ «Մամա» երգի տեսահոլովակը նկարահանել ենք Երևանում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Տեսահոլովակը կլինի յուրահատուկ ոճով, հետաքրքիր տրամադրությամբ՝ հայերեն և անգլերեն։ Բացի օպերատորի և լուսավորողի աշխատանքը, մնացած ամեն ինչ արել է «Արցախի ձայներ»-ի թիմը»,- ասաց պրոդյուսերը։  

 

Խոսելով ստեղծագործության մասին՝ Լիրա Քոչարյանը նշեց․ «Երգի բառերը հեղինակել է «Արցախի ձայներ» նախագծի ավագ սերնդի կատարող Սարին Բալասանյանը։ Անհրաժեշտության դեպքում նա միշտ օգնում է և՛ խմբին, և՛ մեր առանձին կատարողներին ու շատ գեղեցիկ ստեղծագործություներ է հեղինակում։ Ավելի ուշ, Ավետ Բարսեղյանը գրեց երգի հայերեն տարբերակը, իսկ գործիքավորումն արել են Կարեն-Սևակը։ Կարծում եմ՝ ամեն կատարող իր երգացանկում պետք է ունենա մայրիկին նվիրված երգ։ Իմ նպատակն էր, որ Միշան ևս նման մի կատարում ունենա: Կարծում եմ՝ ստացվել է»։

Պրոդյուսերն ասաց, որ Միշան ներկայումս համագործակցության նոր առաջարկ ունի, որի շրջանակում արդեն սկսել են աշխատել․ «Ռուս-ամերիկյան ձայնագրման ընկերություններից մեկից համագործակցության առաջարկ ենք ստացել։ Որոշեցինք փորձել, քանի որ Միշան Ռուսատանում արդեն բավականին սիրված ու ճանաչված է, ծրագրում ենք փորձել նրան դուրս բերել նաև ամերիկյան շուկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են, երգը պատրաստ է, կոչվում է Confetti: Մոտ օրերս Մոսկվայում նկարահանելու ենք նաև այդ երգի տեսահոլովակը։ Confetti-ի շրջանակներում համագործակցել ենք արտասահմանցի ստեղծագործողների հետ։ Բոլոր հարթակներում այս երգը հասանելի կլինի փետրվարի 26-ին»։

Խոսելով Միշայի բեմական նոր կեղծանվան մասին՝ Լիրան ասաց․ «Միշա Գրիգ բեմական կեղծանունը մեր նոր գործընկերների ցանկությունն էր: Ես սա էական չեմ համարում, ըստ իս, կարևորն արտիստի նոր հաջողություններն ու ձեռքբերումներն են։ Տեսնենք՝ ինչ կստացվի»։

Պրոդյուսերի խոսքով՝ Միշան այս ընթացքում որպես հյուր մասնակցել է հեռուստատեսային մի քանի հատնի նախագծերի․ «Միշան երգել է մանկական «Ձայնը», RTR երաժշտական շոուներին և Իոսիֆ Կոբզոնին նվիրված համերգային ծրագրին»։