Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օր


Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օր
Փետրվար 24 15:50 2020

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օր:

32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը.:

Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):

Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):

Հայաստանն այս տարի ունի դեռ 3 օլիմպիական ուղեգիր: Խաղերին կմասնակցեն ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: