Ենոքավանում քաղաքացու վրա հարձակված վայրի կենդանին հովազ չի եղել


Ենոքավանում քաղաքացու վրա հարձակված վայրի կենդանին հովազ չի եղել
Փետրվար 24 14:14 2020

Ենոքավանում քաղաքացու վրա հարձակված վայրի կենդանին հովազ չի եղել: Այս  մասին այսօր`  փետրվարի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Մենք ունենք նկարհանած, թե առաջին իսկ վայրկյանից ինչ են գտել, արյան հետքերը, կրակոցի հետքերը, նախեւառաջ նաեւ տուժաշի հետ հարցազրույց, նաեւ կենդանու թաթերի հետքերը, որը որ կարծում էինք` հովազ է,  սակայն հովազ չէ»,-ասաց նա:

NABU Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանն էլ հավելեց, որ իրենք նույնպես միացել են աշխատանքներին եւ իրենք նույնպես չեն նկարհանել հովազ:

«Մեր ֆոտոթակարդները շարունակում են մնալ տվյալ հատվածում, ապրիլինի նույնպես կստուգենք, տեսնենք` ինչ նկարներ կան»,-ասաց նա:

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ շարունակեց, որ իրենք հավաքել են կենդանու մազերի եւ այլ մնացորդներ, ուղարկել են Գերմանիա` հայտնի լաբորատորիա, որն ուսումնասիրում է կենդանիների գենետիկան եւ պատասխան են ստացել, որ այդ մնացորդները պատկանում են սովորական լուսանի, ոչ թե ընձառյուծի:

«Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի» վարիչ ՝ Մամիկոն Ղասաբյանն էլ նշեց, որ տվյալ տարածքում հովազ հայտնաբերելու հավանականությունը  ի սկզբանե քիչ է եղել:

«Բայց սա շատ լավ խթան հանդիսացավ, որ այդ շրջանը սկսեց ուսումնասիրվել, քանի որ այդ տարածքները շատ քիչնեն ուսումնասիրվել: Այդ տարաքծում հովազ չկա, չնայած որ այդ տարածքում հովազ եղել է: Չնյած ենթագիտակցորեն շատ էինք ցանկանում, որ դա լիներ հովազ, քանի որ Հայաստանում շատ քիչ է հովազների թիվը: Ցավոք, դա հովազ չէր»,-ասաց նա:

Նրանք հավելեցին, որ տարածքը, որը իրենք ուսումնասիրել են, արգելավայրին կավելացվի: