Գյումրիում ոճրագործության զոհ դարձած ընտանիքի ողբերգությունը՝ միջազգային էկրանին


Գյումրիում ոճրագործության զոհ դարձած ընտանիքի ողբերգությունը՝ միջազգային էկրանին
Փետրվար 19 16:07 2020

Փետրվարի 14-ին Լոս Անջելեսի «Լեմլի» (Laemmle) կինոթատրոնում կայացավ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» խաղարկային, լիամետրաժ ֆիլմի ամերիկյան պրեմիերան, որին հաջորդեցին պարբերական ցուցադրությունները։

Այս կինոթատրոնների ցանցը գործում է 1938 թվականից եւ ցուցադրում է բացառապես «արտհաուզ» ժանրի ֆիլմեր, որոնք աչքի են ընկել միջազգային կինոփառատոններում։

«Լեմլի գրուպը» համարվում է ամերիկյան կինոյի հիմնադիրներից։ Բավական է նշել, որ նրանք են հիմնադրել Universal Pictures կինոընկերությունը։

 «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հիմքում ռուս զինվորի կողմից 2015 թվականին Գյումրիում կատարած ոճրագործությունն է, որի զոհը դարձավ մի ողջ ընտանիք՝ այդ թվում երկու մանկահասակ երեխա։
Իրական դեպքերի ներգործության ներքո հեղինակները ստեղծել են գեղարվեստական,  ինքնատիպ մի պատում, որտեղ առաջնային է դառնում ազգային արժանապատվության և անձնազոհության գաղափարը։
Ֆիլմը ոչ թե այդ դաժան իրողության, այլ նրա նկատմամբ ունեցած արձագանքի և վերաբերմունքի մասին է, այն ոչ թե հետաքննություն է, այլ՝ դիրքորոշում:
«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից»  ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թ. Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում, որից հետո այն մասնակցել է Ուրուգվայի, Յալթայի, Հայնանի միջազգային կինոփառատոններին եւ հրավերներ ունի Բերգամոյի, Սան Ֆրանցիսկոյի և այլ փառատոններից։

Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների, ինչպես՝ Բեռլինի, Ռոտերդամի, Լոկառնոյի, Բուսանի, Մոնրեալի, Սիդնեյի, Մոսկվայի, Կալկաթայի, Գյոթեբորգի, Էդինբուրգի, Լուիզվիլի եւ այլն, ստանալով մրցանակներ եւ լայն արձագանք մամուլում։Նրանք միջազգային կինոհանրությանը հայտնի են «Բոբո», «Ռադիո Երեւան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» եւ այլ ֆիլմերով։

Հեղինակների նոր կինոնկարի մասին առավել մանրամասն՝ հետևյալ հղումով. https://www.laemmle.com/film/about-him-or-how-he-did-not-fear-bear։