2019 թ. ԱՎԾ հայտնած 7.8% տնտեսական ակտիվության ցուցանիշը փուչիկ է, կեղծ ու թվացյալ աճ է: Համախառն ներքին արդյունքի որակի առումով մենք փոփոխություն չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա՝ վիճակագրությունը Հայաստանում տնտեսական հարաբերությունների առկա վիճակի անուղղակի արտացոլումն է: Նրա խոսքով՝ ներդրումների բացակայության, ժամանակակից տեխնոլոգիաների թերզարգացվածության, գյուղատնտեսության անկման պարագայում դոմինանտ են դարձել ծառայությունների ոլորտը և առևտուրը:
«Մեծ հաշվով, այդ 7.8 տոկոսը, այդ բարձր տոկոսներն առևտրի և ծառայությունների ոլորտներում տեղի ունեցող շրջանառության աճի հետ է կապված: Այդ շրջանառությամբ պայմանավորված՝ ստանում ենք թվացյալ աճ, փուչիկ, որը բերում է համեմատաբար բարձր տոկոսի, բայց դա տնտեսության կառուցվածքի, ամբողջ համախառն ներքին արդյունքի որակի կտրվածքով մենք փոփոխություն չունենք: Այդ կնվազի, կամ կեղծ զարգացումն ունենք միայն նրա հետ, որ շրջանառություն ենթադրող ֆինանսական միջոցները ցույց են տալիս ավելի մեծ թիվ»,- նշեց տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ ծառայությունների աճը մեծապես ապահովել են շահումով խաղերը, իսկ առևտուրը՝ մեքենաների աննախադեպ ներհոսքը:
«2019 թ. Հայաստան ներկրվել է գրեթե 200 հազար մեքենա: Հիմա վիճակագրական մարմինները դրանցից մաքսատուրքով պայմանավորված վճարները դնում են, ասում են՝ մենք արդեն աճ ունենք, ի՞նչ աճ, որակական աճ կա՞ այստեղ: 3-րդ երկրներից մեքենաների դեպքում մաքսատուրքի արտոնությունը, ինչը ստեղծեց կեղծ աշխուժություն ավտոմեքենաների ներկրման առումով, որը 2020 թ. չի լինելու: Ավելին, ոչ միայն չի լինելու, այլև այդ մեքենաները դառնում են բեռ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճարահատյալ վիճակում իրենց համար իբր բիզնես էին ստեղծել»,- ասաց նա:
Տնտեսագետի կարծիքով՝ Կառավարությունը պետք է աշխատանքներ տանի ներառական աճի ապահովման ուղղությամբ, որը ենթադրում է ներդրումներ, նոր արտադրություններ և աշխատատեղերի ստեղծում:
«2020 թ., կարծում եմ, կլինի այնպիսի վիճակ, որ մարդիկ պարտադրված, այլընտրանք չունենալով, պետք է որոշակի գործունեություն իրականացնեն: Նման հարաբերությունների պարագայում առաջընթացը չի երևում: Առավել ևս, որ մենք ավելի շատ տեսնում ենք մարդկանց ասֆալտին փռել օպերացիան»,- նշեց Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հունվարի 31-ին հրապարակել էր 2019 թ. մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.8%: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9%-ով, առևտրի շրջանառությունն ու ծառայությունների ծավալն աճել են համապատասխանաբար՝ 8.9 և 15%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի առումով 2019 թ. 4.2% անկում է գրանցվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունը ևս նվազել է՝ 1.9%-ով:










