Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է


Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է
Հունվար 29 18:26 2020

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ «Նաիրի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքում: 168.am-ի հետ զրույցում հայտնում են ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայությունից:

«Նույն ծանր վիճակն է, ոչ մի փոփոխություն չկա: Շնչում է ինքնուրույն, գիտակցություն ունի: Կայուն ծանր վիճակ է»,- հայտնում են ԲԿ-ից:

Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել  հունվարի 14-ին, երբ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը:  Հաջորդ օրը Դատախազության նախաձեռնությամբ արտահերթ դատական նիստ հրավիրվեց,  դատարանը բավարարեց դատախազների միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը երկրից դուրս չգալու ստորագրությամբ փոխարինելու մասին : Հունվարի 21-ին Մանվել Գրիգորյանի գործով  հերթական դատական նիստի ընթացքում գեներալի փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց՝ իրենց պաշտպանյալին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ: Միջնորդությունը մերժվեց: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանից  այսօր հետաքրքվեցինք՝ արդյոք հնարավո՞ր չէ բուժումը կազմակերպել Հայաստանում:

«Անձը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Նա մեկ տարվա ընթացքում ստացիոնար բուժում ստացավ  լավագույն հիվանդանոցներից մեկում, բազմաթիվ բժիշկների կողմից, սակայն հիվանդություններն ավելացան և վատթարացան: Այս պարագայում անձին շարունակել պահել նման վիճակում՝ մենք դիտում ենք՝ որպես դաժան վերաբերմունք: Եղած հիվանդությունները բավարար են, որ Գրիգորյանը գտնվի ինտենսիվ բուժման մեջ, ինչն այս փուլում հնարավոր է միայն արտերկրում: Երկու օր առաջ մեզ տեղեկացրին, որ նոր խնդիր է առաջացել՝ թոքի հետ կապված, այսօրվանից հետազոտություններ պետք է անեն»,- ասաց  Լևոն Բաղդասարյանը:

Հաջորդ դատական նիստին նոր միջնորդություն կլինի՞, թե՞ ոչ, փաստաբանը ստույգ պատասխան չունի.

«Ես չեմ կարող ասել՝ ի՞նչ կլինի, հիվանդի առողջական վիճակն ի՞նչ զարգացումներ կունենա: Նման զարգացումների պարագայում չի բացառվում, որ անկանխատեսելի հետևանքներ լինեն, և այդ ամենի պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է»:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):



loading...