Ալեքսանդր Քանանյանի հացադուլը շարունակվում է. Քարվաճառ է այցելել Բակո Սահակյանը


Ալեքսանդր Քանանյանի հացադուլը շարունակվում է. Քարվաճառ է այցելել Բակո Սահակյանը
Հունվար 29 17:02 2020

Արդեն 9-րդ օրն է Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է անում՝ Քարվաճառում փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները դադարեցնելու պահանջով: Նախօրեից նրա ինքնազգացողությունը, փոքր-ինչ, վատացել է։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ այսօր  Քարվաճառ է այցելելու Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հանդիպելու Քանանյանի պայքարին միացած դասադուլ իրականացնող աշակերտներին, ինչպես նաև սպասվում է հանդիպում դպրոցների տնօրենների հետ։ 

«Վերջին օրերին շարժումն ակտիվացել է՝ սկսվել է ստորագրահավաք փոքր ՀԷԿ-շինության դադարեցման պահանջով: Բացի այդ՝ Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել: Նրանց հորդորեցի չանել նման բան, բայց երեխաները միացան»,-ասաց նա:

Քանանյանը նաև պատմեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հիմա Քարվաճառում է. «Հիմա նա փակ վարչական նիստ է վարում գյուղապետերի հետ, որից հետո հանդիպելու է դպրոցականներին»: 

 

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ տեղի ունենա Բակո Սահակյանի և իր հանդիպումը՝ Քանանյանը պատասխանեց. «Այս օրերին նա երկու անգամ փորձել է ինձ հանդիպել, բայց ես հրաժարվել եմ: Փոխարենը, հանդիպել եմ այլ պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝  Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի»:

Քաղաքագետը նաև ասաց, որ իր պահանջները նույնն են:

Պատասխանելով առողջական վիճակին վերաբերող հարցին՝ նա ասաց. «Սպասվածից ավելի արագ եմ թուլանում: Բայց ներքին ուժերս ու կամքս կբավականացնեն պայքարի համար: Եթե իմ բարձրացրած հարցերը չկարգավորվեն, ապա չեմ բացառում հանրային դիմադրության կոչ՝ ՀՀ  բոլոր քաղաքացիներին: Բացի այդ՝  նախազգուշական հացադուլից կանցնեմ ջրադուլի, իսկ դրան, առավելագույնը, 2-3 օր կդիմանամ»:

Նշենք, որ Ալեքսանդր Քանանյանին հունվարի 27-ից միացել է նաև միացել էր նաև Մհեր Պողոսյանը: