Արյունն ամբողջությամբ ծածկել էր ամուսնուս». Գեղամավանում թաղումից հետո երկու եղբայրներ սպանել են համագյուղացուն


Արյունն ամբողջությամբ ծածկել էր ամուսնուս». Գեղամավանում թաղումից հետո երկու եղբայրներ սպանել են համագյուղացուն
Հունվար 25 19:30 2020

1in.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Ա.-ի ու նրա եղբայր Արսեն Ա.-ի գործի դատական քննությունը:

Եղբայրներին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 38-ամյա Արսեն Ա.-ն մեղսագրված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում: Նրան  դատարանը ազատել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

 

29-ամյա Աշոտ Ա.-ն բացի դիտավորյալ սպանությունից՝ մեղադրվել է նաև խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝  2018 թվականի հուլիսի 8-ին Աշոտ Ա.-ն մասնակցել է Գեղամավան գյուղի բնակիչ  Վաչագան Մ.-ի հուղարկավորության, ապա հոգեհացի արարողություններին: Սրահից հեռանալու ժամանակ հանգուցյալի փեսա Հուսիկ Զ.-ի քենու որդի, «Ցուլ» մականունով Արմանը Աշոտին անվանել է Աշոտիկ, ինչի հետ կապված՝ Աշոտ Ա.-ն,  լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, վիճաբանել է Արմանի և Հուսիկի երկու որդիների՝ Վահեի ու Վիգենի, նաև քննությամբ չպարզված այլ անձանց  հետ:

 

 

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Ա.-ն այդ ժամանակ կատարել է խուլիգանություն՝ տվել է հայհոյանքներ, բռունցքով հարվածել է Վահե Զ.-ի շրթունքի շրջանին ու մարմնի այլ մասերին, փորձել է բռնություն գործադրել նաև Արմանի նկատմամբ, բայց վերջինս հրել, իրենից հեռացրել է Աշոտին:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, իրենց հասցեին հնչեցված հայհոյանքների ու գործադրված բռնության պատճառով եղբայրներ Վահեն ու Վիգենը, նրանց բարեկամ Արմանը  ու մի քանի այլ անձինք ծեծել են Աշոտին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Աշոտ Ա.-ն ծեծված վիճակում գնացել է իրենց տուն, որտեղ եղբոր՝ Արսենի հետ որոշել է վրեժխնդիր լինել իրեն ծեծողներից:

Նույն օրը, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում, ըստ մեղադրանքի՝  տանից վերցնելով խոհանոցային դանակ, եղբայրները գնացել են Հուսիկ Զ.-ի տանը հարակից ճանապարհահատված:

Որոշ ժամանակ անց ցանկապատի մոտ հանդիպել են տանտիրոջը՝ Հուսիկ Զ.-ին, վիճաբանել են նրա հետ ու սպանելու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա կրծքավանդակի, որովայնի շրջաններին, պատճառել են կտրած-ծակած թափանցող վնասվածքներ:

Հուսիկ Զ.-ն տեղափոխվել է հիվանդանոց ու ստացած վնասվածքներից նույն օրը ժամը 21-ն անց 55-ին մահացել է:

Աշոտ Ա.-ն հանցագործության գործիք դանակը, ըստ մեղադրանքի, դեպքից հետո գցել է իրենց տան մոտով հոսող Հրազդան գետը:

Առաջադրված մեղադրանքում Աշոտ Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքները:

Աշոտ Ա.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե ինքը Հուսիկ Զ.-ին սպանելու որևէ պատճառ չուներ, նրան չի սպանել ո՛չ մենակ, ո՛չ եղբոր՝ Արսենի հետ: Ինքը տանից դանակ չի վերցրել, Հուսիկի տան մոտ չի գնացել, քանի որ ի վիճակի չէր՝ ծեծված ու «արնաքամ» էր, բացի այդ՝ ալկոհոլի ազդեցության տակ էր:

Իր եղբայր Արսենը հետագայում իրենց տանն ասել է իրեն, որ Հուսիկին ինքն է դանակով հարվածել, նա բառացիորեն ասել է, թե «խփել է Հուսիկին»: Դեպքի օրն իրենց տան մոտով հոսող Հրազդան գետին ինքը չի մոտեցել, որևէ իր, այդ թվում՝ դանակ, գետը չի գցել:

Աշոտ Ա.-ն հայտնել է նաև, թե իրեն պատճառված վնասվածքների համար որևէ մեկի դեմ չի բողոքում, որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջ չունի: Ինքը դեպքի օրը նաև խուլիգանություն չի կատարել:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հուսիկի կինը, հայտնել է, թե դեպքի օրն իր հոր հուղարկավորության ու հոգեհացի արարողությունն էր: Ժամը 16-17-ի սահմաններում, երբ հավաքվածները արդեն ցրվում էին, իրենք զբաղված էին կազմակերպչական աշխատանքներով, ինքը տեսել է, որ ամուսինը՝ Հուսիկը, սրահում նստած խոսում է Աշոտ Ա.-ի հետ: Հանգիստ խոսում էին, նրանց մոտ ուրիշ մարդ չկար: Ինքը վախեցել է, որ Աշոտը կխմի, կռիվ կանի, մոտեցել է ամուսնուն, խնդրել է տուն գնալ: Վերադարձել են տուն:

Ամուսինը պառկել է քնելու: Մոտ մեկուկես ժամից սրահից վերադարձել են որդիները: Վահեի քթից արյուն էր գալիս, նա ասել է, թե Աշոտն է խփել: Ինքը հանգստացրել, ասել է՝ ընկերներ եք, ոչինչ, սառը ջրով լվացվի, կանցնի: Վահեն կնոջ հետ գնացել է Սևան, Վիգենը պառկել է քնելու, իսկ ամուսինն արթնացել ու տանից դուրս է եկել:

Ինքը ամուսնուն զգուշացրել է, որ տուն մտնի, քանի որ իրենց տան մոտակայքում տեսել է Աշոտին: Հուսիկն ասել է՝ Աշոտն ինչ պիտի անի ինձ, իմ պահած երեխան է: Բայց ինքը մտավախություն ուներ, որ Աշոտը, խմած լինելով, տղաների հետ կռվից հետո կարող է «մուռ հանել»: Ինքը նկատել էր, որ Աշոտն իրենց տան մոտով լարված գնում-գալիս է:

Ինքը մտել է գոմ՝ կովերին կթելու: Հուսիկը մի անգամ մտել է գոմ, ինքը դեռ մի կովին էր կթել: Հուսիկին նորից է զգուշացրել, որ ճանապարհ դուրս չգա: Երբ գոմում աշխատանքները վերջացրել է, դուրս է եկել, բայց ամուսնուն չի տեսել: «Հուսիկ, Հուսիկ» կանչելով՝ ճանապարհով բարձրացել է:

Տեսել է, որ Աշոտն ու Արսենը վազելով գնում են տուն: Ինքը շարունակել է ամուսնուն կանչելով առաջանալ ու մոտ երկու մետրի վրա տեսել է նրան՝ ընկած, ոտքերը՝ դեպի ճանապարհը: «Արյունն ամբողջությամբ ծածկել էր նրան, աչքերը բաց էին, նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում»:

Ինքը օգնություն է կանչել: Մեքենաներն անցնում ու չէին կանգնում: Իր գոռոցների վրա եկել են հարևանները: Վերջիններս երևի տեսել են՝ ինչպես են Աշոտն ու եղբայրը խփել Հուսիկին, բայց այդ եղբայրներից վախենալով՝ ոչինչ չեն հայտնել: Ամուսնու մարմնի բոլոր մասերում վնասվածքներ կային: Երբ նրան տարել են հիվանդանոց, իմացել է, որ հարվածներից մեկը դիպել էր ուղիղ սրտին:

Գործով տուժող Վահե Զ.-ն հայտնել է, թե պապի հոգեհացի արարողությունից հետո, երբ սկսել են սեղանները հավաքել, վիճաբանության ձայներ է լսել: Մոտեցել, տեսել է Աշոտը, Արմանը վիճում են, քաշքշում, հայհոյում են: Ինքը մոտեցել է Աշոտին, ասել է՝ ի՞նչ ես անում, թող գնա: Բայց նա խփել է իրեն, ինքն էլ նրան է խփել, հետո շատ մարդիկ են հավաքվել, կռիվը դադարեցրել են: Երբ եղբոր հետ տուն էր գնում՝ գյուղի գրասենյակի դիմաց, Աշոտը մոտեցել ու նորից մի երկու անգամ խփել է իրեն, եղբայրն ասել է՝ խմած է, թող գնա: Մարդիկ են մոտեցել, իրենց բաժանել են: Ինքն ու եղբայրը տուն են գնացել, ինքը կնոջ հետ մեկնել է Սևան, մոտ երկու ժամից եղբայրը զանգել ու ասել է, որ շուտ գնա հիվանդանոց: Մեկ ժամ հետո հայրը մահացել է…

Ըստ Վահեի՝ մինչև դեպքը իրենք Աշոտի հետ ունեցել են սովորական, ընկերական հարաբերություններ, իրար տուն գնալ-գալ, իրար ճանաչել են դպրոցական տարիքից. Աշոտն իր եղբոր դասընկերն է եղել: Դեպքի օրը Աշոտը խմած էր, դա երևում էր նրա պահվածքից:

Իր հայրը Աշոտի ու Արսենի հետ անձնական խնդիրներ չուներ…

Վահեի եղբայր Վիգենը հայտնել է, որ հոգեհացի արարողությունից հետո մուտքի մոտ նկատել է, որ իր մորաքրոջ որդի Արմանը վիճում է Աշոտի հետ: Վերջինս Արմանին «Ցուլ» էր ասում, իսկ Արմանը նրան՝ «Աշոտիկ»: Մոտեցել է Վահեն, խնդրել է, որ չկռվեն, Աշոտը հայհոյելով հարվածել է Վահեին՝ ասելով, թե նա պիտի ի՛ր կողմից խոսի, ոչ թե իրեն զգուշացնի… Երբ տուն են գնացել, ինքը քնել է, արթնացել է մոր լացի ձայնից: Մայրն ասել է, որ Աշոտն ու Արսենը սպանել են իրենց հորը…

Դատարանը հաստատված է գնահատել Աշոտ Ա.-ին առաջադրված մեղադրանքները, նրան մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության և խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 2-րդ մասերով:

Աշոտ Ա.-ն վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի հուլիսի 9-ից:

Աշոտ Ա.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 622 հազար 720 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում: