Մխիթար Հայրապետյանը Բունդեսթագ նամակ է հղել ադրբեջանցի օպերային երգչի հայատյացության հարցով


Մխիթար Հայրապետյանը Բունդեսթագ նամակ է հղել ադրբեջանցի օպերային երգչի հայատյացության հարցով
Հունվար 22 21:21 2020

ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին այն կապակցությամբ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին Դրեզդենում հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի տիկին Բուդդե, Համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ:

Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը:

Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»: