Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն
Հունվար 22 20:42 2020

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

«Մենք պատրաստ ենք հանդիպման: Որոշ պայմանավորվածություններ ունենք, փորձում ենք համանախագահների և մյուս կողմի հետ միասին ուրվագծել, թե ինչպես ենք աշխատելու այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք միշտ հետևում ենք այն սկզբունքին, որ հայտարարում ենք համաձայնեցված ձևով: Ունենք պայմանավորվածություն, որ մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել: Մեր կողմից արտահայտվել է այն դիրքորոշումը, որ անկախ ամենից պատրաստ ենք բանակցել ցանկացած պահի»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ չափազանց կարևոր է համարում Արցախի Հանրապետության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային, այն պատճառներով, որոնք մենք բազմիցս բացատրել ենք: Չափազանց կարևոր է բանակցություններին այն սուբյեկտի անմիջական մասնակցությունը, որն ունի ընտրված իշխանություն, սուբյեկտ է, քաղաքական միավոր»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: