Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը


Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը
Հունվար 22 20:03 2020

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպական միության Արտաքին գործերի եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանյան գրասենյակի աշխատակից Կատարժինա Սոբիերաժը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:

Հայաստանի Հանրապետության կողմից քննարկմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը, ինչպես նաև իրականացվող դատաիրավական և միգրացիոն ոլորտների բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը:

Արման Թաթոյանը կարևորել է Պաշտպանի, Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ այլ կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը և բարձր գնահատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը: Նա ներկայացրել է հաստատության աշխատանքի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, ընդգծվել է խոշտանգումների և կոռուպցիայի դեմ պայքարը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումները և դրանցում Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը:
Իր խոսքում Պաշտպանը կարևորել է նաև միգրացիայի ոլորտում մարդու իրավունքների ապահովումը: Իբրև առաջնահերթ ուղղություններ՝ նշվել են ապաստան հայցող անձանց, փախստականների և միգրանտների իրավունքների պաշտպանությունը, սահմանային վերահոսկողության ոլորտի բարեփոխումներն ու պետական սահմանի անցման կետերի վերազինումը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է այս հարցում համագործակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Հայկական կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության հետ:

Պաշտպանը, իբրև ընթացիկ տարվա գործունեության հատուկ ուղղություն, նշել է մարզերում մարդու իրավունքների վիճակի բարելավումը և Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների արդյունավետության բարձրացումը:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները կարևորել են համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ և Պաշտպանի ներգրավվածությունը երկրում ընթացող բարեփոխումներին: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրերի իրականացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համատեղ աշխատանքի ուղղությունները։



loading...