Էդմոն Մարուքյանի արձագանքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը


Էդմոն Մարուքյանի արձագանքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Հունվար 22 19:37 2020

Հարգարժան վարչապետին հիշեցնեմ, որ ավագանին կամ քաղաքապետարանի որևէ վարչություն կամ արդարադատության նախարարությունը չի որոշում ինչն է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, ինչը՝ ոչ։Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (88-րդ հոդվածի 4-րդ մաս, Ազգային ժողովի կանոնակարգի 1-ին հոդվածի 4-րդ մաս):Այդ լիազորությունների թվում է քննիչ հանձնաժողովների ստեղծումը՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս)։Այստեղ հատկապես կարևոր է «Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող» եզրույթի բացահայտումը։ Այն բացահայտելու համար այս դեպքում պետք է հստակեցնենք, թե արդյոք տվյալ խնդրի կապակցությամբ գործադիր իշխանությունն ունի լիազորություն թե ոչ (ակնհայտ է, որ չունի, քանի որ de jure տեղական ինքնակառավարման մարիմնն անկախ է գործադիր իշխանությունից), ինչպես նաև պարզել, թե արդյոք խնդրո առարկա փաստերի առնչությամբ դատարանում քննվում է որևէ գործ (ինչը ևս տեղի չի ունեցել այս պարագայում)։ Այսինքն, կիրառելի է բացառման սկզբունքը։ Մյուս կողմից, Ազգային ժողովի կանոնակարգի 21-րդ հոդվածի տրամաբանությունից ուղղակիորեն հետևում է, որ քննիչ հանձնաժողովը կարող է քննել ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հարցեր։Քննիչ հանձնաժողովի ձևավորմանը խոչընդոտելն ունի բացառապես քաղաքական նպատակ, և այդ նպատակը մեկն է՝ զերծ պահել Հայկ Մարությանին հաշվետու լինելու պարտականությունից և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումից, դրա համարժեք գնահատականից։Այս վարքագիծը հիշեցնում է նախկին իշխանություններին, երբ նրանք ցանկանում էին տապալել ընդդիմության նախաձեռնությունները՝ հղում տալով ինչ-որ անհասկանալի իրավաբանների անիմաստ տեսությունների:

Գործադիրը գնում է ընդդիմության հնարավությունների սահմանափակման ճանապարհով, քանի որ չի ցանկանում կայացնել օրենսդրին հաշվետու լինելու ինստիտուտը։Մենք դրա միջով անցել ենք միասին, պարոն վարչապետ։ Իզուր վատ ավանդույթները մի շարունակեք։  

Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը



loading...