ՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա եւ նրա սպանության մեջ մեղադրվողի իրավունքների հարցով


ՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա եւ նրա սպանության մեջ մեղադրվողի իրավունքների հարցով
Հունվար 22 17:10 2020

Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան առնչությամբ նրա իրավունքների հարցով, այնպես էլ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի  հոր՝  Արա Սուքիասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած երկու բողոքների վերաբերյալ: Այս մասին  հայտնեց ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

«Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով Արա Սուքիասյանը բարձրացրել է որդու անմեղության կանխավարկածի խախտման հարց, ինչպես նաեւ հեռախոսակապով հայտնել է մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված: Երկրորդ բողոքը Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է երեկ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր նկատմաբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:Երկու բողոքներն էլ սահմանված կարգով ընդունվել են քննարկման: Վերը շարադրվածից բացի, այսօր այց կիրականացվի քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց տեղի կունենա Ռաֆայել Սուքիասյանի հետ»,- ասաց Նունե Հովսեփյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով): Նա կալանավորվել է։

Նշենք, որ Հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված երիտասարդը ծառայում է ՊՆ-ում:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ Ժամը 23։00-ի սահմանում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։



loading...