Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Volkswagen Touareg-ում հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին


Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Volkswagen Touareg-ում հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին
Հունվար 20 23:29 2020

Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան-Կարենիս խաչմերուկ, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանութան Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում Volkswagen Touareg մակնիշի 90 PO 001 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վլադիսլավ Հարությունյանի դին: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Դալլաքյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Հարությունյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հարությունյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում: