Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է. «Հետք»


Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է. «Հետք»
Դեկտեմբեր 13 23:09 2019

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող  քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական գործի վարույթը կարճելու և Արմեն Ավետիսյանի  նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում)  նախատեսված հանցանք կատարելու համար` արարքում  հանցակազմի բացակայության հիմքով,  իսկ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանցանք կատարելու համար` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»,- ասված է դատախազության պատասխանում:

 
 
Реклама 29

Այսինքն` Դատախազության պատասխանից պարզ է դառնում, որ գործով փողերի լվացման դրվագը չի հաստատվել: Դատախազությունը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված քրեական գործով Արմեն Ավետիսյանն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, և գործում առհասարակ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չի եղել:

 

Նշվում է, որ մեկ տարի առաջ, երբ քրեական գործ էր հարուցվել, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «նախնական տվյալների համաձայն` Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը' հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը' նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

 

Հետագայում' 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ' «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը: ԱԱԾ-ն հայտնել է նաև, որ վերը նշված երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

Քրեական գործի հարուցումից շուրջ երկու ամիս անց` Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,  որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:

 «Կա հարուցված քրեական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում այն ժամանակ ԱԱԾ տնօրեն եղած  Արթուր Վանեցյանը հայտնեց, որ «օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում իրենց հաջողվել է պարզել, որ վերը նշված օֆշորային ընկերության սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդի Արտաշես Ավետիսյանն է և նրա մայրը։

Լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կատավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ գույքը որպես նվիրատվություն ընդունելուց առաջ նախ պետք է ստուգվի դրա ձեռքբերման օրինականությունը:

2019-ի հուլիսի 4-ի կառավարության նիստից հետո Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ հյուրանոցը պետությանը նվիրելու հարցում իրավական խնդիր չկա, և սեպտեմբերի 26-ի կառավարության նիստին որոշվեց որպես նվիրատվություն ընդունել 15.8 մլն դրամ արժեքով հյուրանոցը:

 

Այսինքն` ստացվում է, որ հյուրանոցը պետությանը նվիրելուց մոտ մեկ ամիս անց` հոկտեմբերի 31-ին որոշվել է Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Հիշեցնենք, որ Կառավարությունը նոյեմբերի 21-ին որոշել է 7.5 մլրդ դրամով աճուրդի հանել հյուրանոցը: