Փաշինյանը, հայտարարելով, թե պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, խոստովանում է, որ չունեն պետության խնդիրները լուծելու ունակ կադրեր. Արսեն Բաբայան


Փաշինյանը, հայտարարելով, թե պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, խոստովանում է, որ չունեն պետության խնդիրները լուծելու ունակ կադրեր. Արսեն Բաբայան
Դեկտեմբեր 12 22:32 2019

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության, թե պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Հիշո՞ւմ եք այն փաստաթղթի պատմությունը, որը գաղտնազերծեց վարչապետ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի գաղտնազերծման՝ այդ փաստաթղում վերլուծվել և արձանագրվել էր, որ «մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»:

Այսօր, կառավարության նիստի ընթացքում, Փաշինյանը հայտարարում է, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Որ պետական համակարգը, վերից վար, դիմադրում է բոլոր այն հաջողություններին, որոնք ձեռք է բերվել մինչև հիմա այս կառավարության կողմից: Վարչապետը բացահայտեց նաև, որ այսօր պետական համակարգը չունի պոտենցիալ՝ մշակելու ռազմավարություններ:

Փաստորեն արձանագրվում է, որ բոլոր նախարարություններում մենք չունենք այնպիսի կադրեր, որոնք ի զորու են պետության խնդիրները լուծելու: Ավելին, նույնիսկ այդ նույն պետական համակարգը, ըստ Փաշինյանի, դիմադրում է անգամ կոռուպցիայի դեմ պայքարին: Վարչապետը պնդում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվել է ի հեճուկս իրավապահ համակարգի, և սա այն դեպքում, երբ առանց իրավապահ համակարգի անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ:

Բայց պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունը գործող պետական համակարգ ունենալու համար անգամ հույս էլ չունի, քանի որ, կրկին ըստ վարչապետի, եթե նույնիսկ այս պետական համակարգը դնենք մի կողմ և հայտարարենք, որ պետական համակարգի բոլոր պաշտոնները թափուր են, չի հաջողվելու համալրել բանիմաց և նպաստ բերող մասնագետներով:

Մի՞թե մենք հիսուն տարի (լավ, մի քիչ պակաս) այլևս երբեք չենք կարող ունենալ կենսունակ և գործունակ պետական համակարգ:

Այդ դեպքում ի՞նչ է ստացվում: Չի՞ ստացվում արդյոք, որ իշխանափոխությունից 1.5 տարի անց մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է

12 տարի զբաղեցնելով պետական պաշտոններ (կրտսերից մինչև բարձրաստիճան) վստահաբար պնդում եմ, որ պետական համակարգի «անգործունակությունը» վերից վար չէ, այն բացառապես վերից է․․․

Լուծումն ավելի քան պարզ է․ վարչապետը պաշտոններից ազատում է բոլոր նախարարներին և նշանակում է բանիմաց նախարարներ, իսկ եթե չգտնի այդպիսի թեկնածուներ, ապա ճիշտն իր հրաժարականը կլինի»: