Կրկնակի հաղթանակ մեկ օրում: Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոն երգարվեստի խմբակի սաները “Golde voices” 2019 միջազգային մրցույթում «Գրան պրի»-ի են արժանացել,ինչպես նաև զբաղեցրել են առաջին հորիզոնականը:
Արևիկ Թանաշեանը, ով խմբակը ղեկավարում է շուրջ երեք տարի, մեր թղթակցի հետ զրույցում ներկայացրեց մրցույթի հետ կապված մանրամասները:
Խմբակը բաղկացած է 21 հոգուց: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) կողմից կազմակերպված “Golden voices” 2019 ամենամյա մրցույթում խմբակը ներկայացրել է հինգ մասնակից:
Ակադեմիական երգեցողություն, ժողովրդական և էստրադային ժանրերում ներկայացած հինգ մասնակցից երկուսն արժանացել են «Գրան պրի»-ի,իսկ երեքը արժանացել են Առաջին գլխավոր մրցանակի:
«Ակադեմիական վոկալ» անվանակարգում Առաջին մրցանակի է արժանացել
Ալեն հարությունյանը, «ժողովրդական ժանր»-ում՝ Գառնիկ Ավագյանը, «էստրադային ժանր»-ում Սարգիս Հակոբյանը:
Գրան պրիի արժանացած Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը նույն օրը Armenian Golden star music awards-ում հայտարարվել են նաև «Տարվա հայտնություն»:
Նրանք իրավունք են ստացել փետրվարին մասնակցել Եգիպտոսում կայանալիք միջազգային մրցույթին:
WAPA-ի ղեկավար Արման Ղուկասյանի խոսքով՝ Արևիկ Թանաշեանն ու նրա սաները մշտապես հաղթանակներով են վերադառնում միջազգային և հայաստանյան մրցույթ փառատոններից:
«Արևիկ Թանաշեանի,նույն ինքը՝ Լեոնորայի հետ համագործակցում ենք վեց տարի: Լեհաստանում, Ռուսաստանում, Իտալիայում,Հայաստանում, և այլ երկրներում նրան բազմիցս ներկայացրել եմ միջազգային մրցույթներում, որտեղից նա վերադարձել է «Գրան պրի»-ներով: Նրա աշակերտները նույնպես մրցույթներից մշտապես վերադարձել են հաղթանակած: Այժմ Արևիկը նաև միջազգային ժյուրիի անդամների կազմում է»,-ասաց Արման Ղուկասյանը:
Արևիկ Թանաշեանին կատարած աշխատանքի համար WAPA-ն 2017, 2018, 2019թթ պարգևատրել է որպես «Լավագույն մանկավարժ», իսկ 2016-թվականին նաև որպես «Լավագույն դասական երգչուհի»:
Արևիկ Թանաշեանը WAPA-ի կողմից պարգևատրվել է Անահիտ ոսկե մեդալով, Մովսես Խորենացի ոսկե մեդալով,Մշակույթի վաստակավոր գործչի կոչումով, Վաստակավոր մանկավարժի կոչումով:
Հանդիսանում է WAPA-ի պատվավոր անդամ: Լիբանանյան սեկցիայի նախագահն է, ինչպես նաև՝ Հայաստանի սեկցիայի կազմկոմիտեի անդամ:
Անդրադառնալով մրցույթի պայմաններին՝ Արև Թանաշեանը շեշտեց, որ,ինչպես միշտ WAPA-ի կազմակերպած մրցույթներն անաչառ են անցնում:
«Շնորհակալ եմ կազմակերպիչներին մրցույթը բարձր մակարդակով ու անաչառ անցկացնելու համար:Շնորհակալ եմ Արման Ղուկասյանին կատարածս աշխատանքը գնահատելու համար: Շնորհավորում եմ իմ սաներին փայլուն հաղթանակի առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ»,-ասաց Արևիկ Թանաշեանը:
Նշենք, որ Armenian Golden star music awards-ում Անահիտ ոսկե մդեալով լավագույն պրոդյուսերական աշխատանքի համար պարգևատրվել է նաև Արևիկ Թանաշեանի ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը: Վերջինս Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) առաջին փոխնախագահն է:
«Ինձ համար իմ մրցանակն անակնկալ էր:Շնորհակալ եմ Արման Ղուկասյանին իմ աշխատանքը նույնպես գնահատելու համար: Շնորհավորում եմ օրվա բոլոր մրցանակակիրներին»,-շնորհակալական խոսքում ասաց Վիգեն Թանաշեանը: