Սպասվում է իտալական 30 ձեռնարկության ներկայացուցիչների այց Հայաստան


Սպասվում է իտալական 30 ձեռնարկության ներկայացուցիչների այց Հայաստան
Նոյեմբեր 22 15:31 2019

Իտալիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանի շուկայով և առաջիկայում սպասվում է նրանց այցելությունը Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, լրագրողների հետ զրույցում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների, գործարար համաժողովի առաջին արդյունքներից: 

 

«Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի ղեկավարության հետ: Ասեմ, որ այդ նահանգը ապահովում է Իտալիայի ՀՆԱ-ի 22 տոկոսը, խոսքը մոտավոր 368 մլրդ եվրոյի մասին է: Լոմբարդիայի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց աշխատել Հայաստանի հետ: Շատ շուտով մենք կտեսնեք մոտ 30 ձեռնարկության ներկայացուցիչների այցը Հայաստան»,-ասաց Վիկտորիա Բաղդասարյանը: Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Հայաստանը դիտարկվում է նաև երկիր՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Գործարարներն արդեն ուսումնասիրում են հայկական շուկան: Դեսպանն առանձնացրեց մի քանի ոլորտներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն:

 

«Միլանում կայացած բիզնես ֆորումը շատ հաջող անցավ, 150-ից ավելի ձեռնարկություններ էին ներկա: Մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ դահլիճում ֆիզիկապես տեղ չկար: Այս հանդիպումը դեսպանատունը կազմակերպել էր մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, կառույցների հետ, ինչպես նաև իտալական «Mediobanca»-ի, որը ներդրումային ամենակարևոր բանկերից է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում կոնկրետ արդյունքներ կլինեն»,-ասաց դեսպանը: Վիկտորիա Բաղդասարյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի Իտալիա այցի վերաբերյալ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև տեղի հեղինակավոր լրատվամիջոցները: Նրա խոսքով, այս այցը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, մշակութային տեսանկյունից:

 

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ, նոյեմբերի 22-ին հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից ICE՝ Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի:Նրա այցը մեկնարկել է նոյեմբերի 20-ին Վենետիկից: Հռոմում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը նաև Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:

 

Շանթ Խլղաթյան



loading...