Երկվորյակ եղբայրները ցանկանում են միասին շարունակել ծառայությունը


Երկվորյակ եղբայրները ցանկանում են միասին շարունակել ծառայությունը
Նոյեմբեր 12 23:47 2019

Երկվորյակ եղբայրները չեն ցանկանում առանձին շարունակել ծառայությունը,  NEWS.am-ի հետ զրույցում պատմում է զինվորների հայրը՝ Սուրեն Խաչատրյանը։

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչներ Արմեն և Արման Խաչատրյանները երկվորյակներ են, որոնք 1․5 տարի է, որ ծառայում են Արմավիրի N զորամասում, բայց հիմա նրանցից մեկը տեղափոխվելու է այլ զորամաս, սակայն նրանք չեն ցանկանում առանձին ծառայել, պատճառաբանելով, որ երբ միասին չեն՝ հիվանդանում են։

«Տղաներիցս միայն մեկն է թուղթ քաշել եւ 2 տարով ուղարկվել են Արմավիրի N զորամաս։ Մի քանի օր առաջ ջերմություն ուներ տղաս, տարել էին հոսպիտալ, երեկ դուրս գրեցին, տարան զորամաս, իսկ այսօր արդեն տեղափոխում են այլ զորամաս, իսկ մյուս տղայիս թողել են Արմավիրում։ Լսել եմ՝ տղայիս Արցախ են տեղափոխելու։ Տղաներս առանձին-առանձին չեն կարող մնալ, հիվանդանում են, ջերմում են, վատանում»։

NEWS.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ զորամասի հրամանատարը եղբայրներին առաջարկել է միասին տեղափոխվել N զորամաս, սակայն նրանք հրաժարվել են տեղափոխվել։

Հովհաննիսյանի խոսքով՝ երկրորդ եղբորը տեղափոխում են մասնագիտական ունակությունների զարգացման համար։