Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը բավականին նվազել է. Կարինե Մինասյան


Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը բավականին նվազել է. Կարինե Մինասյան
Նոյեմբեր 12 15:20 2019

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը համարում է, որ ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտ (կեղծված) ապրանքների շրջանառության դեմ պայքարի առումով Հայաստանը բավականին շահեկան դիրքերում է:

 

 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

 

«Հայաստանում ՊԵԿ-ը շատ ուժեղ համակարգեր է դրել, վերահսկողությունը բավականին բարձր է: Կարծում եմ, որ կոնտրաֆակտ ապրանքների տեսանկյունից Հայաստանն ամենաարդյունավետ երկրներից է ԵԱՏՄ տարածքում»,-ասաց Մինասյանն ու նկատեց՝ Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը բավականին նվազել է:

 

Մինասյանի կարծիքով՝ կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը Հայաստանում ամենաակտուալ խնդիրը չէ, առհասարակ թեթև արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության խնդիր կա: Նա շեշտեց՝ ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառության դեմ պայքարի համար քայլեր են իրականացնում: