Հրդեհի մարման ժամանակ վիրավորված փրկարարը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


Հրդեհի մարման ժամանակ վիրավորված փրկարարը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նոյեմբեր 12 10:45 2019

 Բազումի լեռնաշղթայում հոկտեմբերի 25-ին բռնկված հրդեհի մարման ընթացքում վիրավորված հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախու-թյան և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 

 

Լոռու մարզային փրկարարական վարչությունից հոկտեմբերի 25-ին  ժամը 11:37-ին Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

 

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հրշեջ-փրկարար Սամվել Դ.-ն ( ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Գ.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։