Պաշտոնյաների անձնական նախասիրությունները երբեմն ավելի հետաքրքիր են մարդկանց, քան նրանց բուն գործունեությունը: Հայաստանի պաշտոնյաների երաժշտական, գրական ճաշակները բազմազան են: Հիմնականում վառ արտահայտված երաժշտական ճաշակ ունեն տարբեր տարիների վարչապետները: Նրանց կարելի է անվանել նվագող-վարչապետներ:
ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանն, օրինակ, ռոքի մեծ սիրահար է, նա ժամանակին իսկական բում արեց՝ նվագելով հարվածային գործիքների վրա, տեսանյութը տարածվեց համացանցում և բազմաթիվ հիացական մեկնաբանությունների առիթ տվեց; Սա բավականին մեծ ազդեցություն ունեցավ Կարապետյանի իմիջի վրա: Հետո նա կրկին նվագեց, այս անգամ, սակայն, ՀՀԿ քարոզչական տեսահոլովակում:
Կարապետյանի կատարումը, թեև, ոչնչով չէր զիջում նախորդին, սակայն այս անգամ այն այդքան մեծ ոգևորությամբ չընդունվեց, քանի որ քաղաքական ենթատեքստ էր պարունակում:
Կարեն Կարապետյանը նաև իր ֆեյսբուքյան էջում հաճախ է կիսվում տարբեր հոլովակներով և լավ տրամադրություն մաղթում իր հետևորդներին: Դրանց թվում են Céline Dion, Anastacia - You Shook Me All Night Long, YES - Owner Of a Lonely Heart , Led Zeppelin - The Ocean և բազմաթիվ այլ կատարումներ:
Կարապետյանից ոչ պակաս երաժշտական է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց տեսահոլովակ՝ վերնագրելով այն ՛՛Наш ответ Чемберлену՛՛:
Տեսանյութում Բագրատյանը կիթառ էր նվագում: Նշենք, որ մինչև Հայաստանի կառավարությունում կարիերայի սկիզբը Հրանտ Բագրատյանը աշխատել է Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում՝ նվագելով բլյուզ ակուստիկ կիթառով։ Չունենալով հանդերձ երաժշտական կրթություն, նա ունի հեղինակած շուրջ 15 գործ: Նրա համոզմամբ, մարդու կյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար։
Իր երաժշտական ունակություններով ժամանակին աչքի էր ընկնում նաև Տիգրան Սարգսյանը, ով ևս ռոքի սիրահար է: Սարգսյանի կիթառով կատարումները ևս մեծ արձագանք գտան:
Նախկին վարչապետներից Հովիկ Աբրահամյանն էլ հետ չի մնում իր գործընկերներից. նա, թեև, չի ցուցադրել իր երաժշտական ունակությունները, սակայն մենք բազմիցս ենք ականատես եղել Աբրահամյանի պարին: Աբրահամյանը պարել է թե՛ Մոնտեվիդեոյի Արմենիա հարապարակում, թե՛ Թեղուտում՝ մանկապարտեզի բացմանը, թե Վերջին զանգին՝ աշակերտուհիների հետ:










