Մահացել է ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Վարդանյանը


Մահացել է ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Վարդանյանը
Հոկտեմբեր 24 06:52 2019

83 տարեկանում մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Լազարի Վարդանյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի պետական համալսարանից: 

 

 

Յուրի Վարդանյանը 1954-1959 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, իսկ 1960-1963 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրան: 1964 թ. ստացել է ֆիզմաթ. գիտ. թեկնածուի, իսկ 1971 թ.՝ ֆիզմաթ. գիտ. դոկտորի գիտական աստիճան: 

 

 

2010 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ էր:

 

1975-2017 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան: 1974-2000 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների և ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

 

1973-1974 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

 

1965-1973 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ:

 

1960-1965 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Կենտրոնական ԳՀ ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող:

 

Յուրի Վարդանյանի կողմից կարդացվող դասընթացներն էին՝ Էլեկտրադինամիկա և հատուկ հարաբերականության տեսություն, Տեսական միջուկային ֆիզիկա, Ընդհանուր հարաբերականության տեսություն, Տիեզերքի ֆիզիկայի ընտրովի հարցեր, Ֆիզիկայի պատմություն, իսկ նրա գիտական հետաքրքրությունների շրջանակներն էին տեսական միջուկային ֆիզիկան, աստղաֆիզիկան, գերխիտ երկնային աստղերի ֆիզիկան:

 

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014 թ.) Յուրի Վարդանյանը ստացել է ԵՊՀ ոսկե (2007, 2010), «Դրաստամատ Կանայան» պաշտպանության նախարարության (2009), ՀՀ վարչապետի (2010), ՀՀ «Անանիա Շիրակացու» (2000) մեդալներ, ՀՍՍՀ ԳԽ պատվոգիր (1980) և ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալ (1970):

 

ԵՊՀ ռեկտորատի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ցավակցում ենք Յուրի Վարդանյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:

 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից: