ԱԺ-ն քննարկում է ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը
Հոկտեմբեր 22 16:41 2019

 ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով մասնավորապես առաջարկվում է, որ ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաեւ տվյալ ընկերության կառավարման միանձնյա եւ կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:

 

 

Նա նախ նշեց, որ բոլոր խմբակցությունների հետ քննարկման արդյունքում իրական սեփականատերերի հետ կապված լրացումներ են կատարել նախագծում:  «Մենք պայմանավորվեցինք, որ փաթեթով պետք է  ընդլայնենք  ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հասկացությունը և առաջարկեցինք, որ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմիններում ընդգրկված ֆիզիկական անձինք նույնպես համարվեն իրական սեփականատեր՝ ի լրումն այն առաջարկի, որ հայտարարագրերի ներկայացման նոյեմբերի 30 վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունվարի 30-ը՝ նպատակով ունենալով ապահովել համապատասխան ծրագրային ապահովում»,-ասաց փոխնախարարը:

 

Այսինքն` օրենսգրքով իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում  նաեւ տվյալ ընկերության կառավարման միանձնյա եւ կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ եւ գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք:

 

Շուշանյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները տարաբնույթ են: Փոփոխությունների մի մասը հիմնականում ընթացակարգային են և որոշակի վարչարարության հստակեցումներ են ենթադրում, սակայն դրանք էականորեն բարելավում են նաև թույլտվությունների տրամադրման գործընթացը:

 

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն իրականացնել վիճակագրական հաշվետվությունները հստակ պարտավորություն սահմանելու առումով, որպեսզի հնարավորինս բացառվեն կամայական ներկայացումները: Շուշանյանը նկատեց, որ առավել հիմնարար փոփոխությունները կապված են մեկ այլ մեխանիզմի հետ:  «Խոսքը գնում է մեկանգամյա  թույլտվության մեխանիզմի ներդրման մասին՝ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվում  է ճանապարհների, ջրամբարների, հաղորդակցության ուղիների, ինչպես նաև թունելների շինարարություն և կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների շինարարություն: Այս դեպքում համապատասխան փորձաքննություն անցած նախագծերի դեպքում առաջարկվում է տվյալ տարածքից արդյունահանված օգտակար հանածոները թույլատրել օգտագործել բացառապես տվյալ նախագծերի համար»,-ասաց նա ու հավելեց՝

 

 հստակ պայմաններ են սահմանված, որ տվյալ օգտակար հանածոն պետք է հաշվառված չլինի օգտակար հանածոների պետական հաշվեկշռում, այսինքն` հանքավայր չլինի և լինի ոչ մետաղական:

 

loading...