ՏԿԵ փոխնախարար Տերտերյանը մասնակցել է «Հաջողությունը տուրիզմում» խորագրով համաժողովին


ՏԿԵ փոխնախարար Տերտերյանը մասնակցել է «Հաջողությունը տուրիզմում» խորագրով համաժողովին
Հոկտեմբեր 18 20:56 2019

ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը  ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես եկել «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի շրջանակում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

«Համաժողովի բացմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

 

«Զբոսաշրջության ոլորտում ձեռք բերված հաջողություններն արդեն ոգևորիչ են, և մենք իսկապես պետք է ամեն ինչ անենք, որ մեր ազգին շատ բնորոշ ակտիվության, նորարարության, հյուրասեր լինելու առանձնահատկությունը կարողանանք լրացնել այն հնարավորություններով, որոնք անհատները կարող է և չունենան: Դրանք պետք է լրացվեն համայնքի, պետության, ՄԱԶԾ և այլ կազմակերպությունների ճիգերով», - իր ողջույնի խոսքում նշել է Վաչե Տերտերյանը: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դասընթացների ընթացքում մասնակիցները և միջազգային փորձագետները կունենան արդյունավետ քննարկումներ և գիտելիքների փոխանակում, որն էլ իր հերթին կզինի երիտասարդ մասնագետներին նոր գաղափարներով և մտքերով:

 

Ամառային դպրոցը կանցկացվի հոկտեմբերի 18-21-ը Երևանում և Դիլիջանում, իսկ չորրորդ օրը մասնակիցները կայցելեն Սյունիք՝ Տաթև վանական համալիր: Դասընթացի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին վերաբերող հաջողված ծրագրեր, կայունությանը, թվային նորարարությանը և հարակից թեմաներին վերաբերող խնդիրներ:

 

Նշենք, որ միջոցառումն իրականություն է դարձել Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի, «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ծրագրի (PM4SD) , Եվրոպական կայուն զբոսաշրջության հիմնադրամի (FEST) և Եվրոպական ճամփորդական հանձնախմբի (ETC), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության շնորհիվ»,- նշված է հաղորդագրության մեջ:



loading...