Թուրքիան Հայաստանի դեմ կարող է անել այն, ինչ անում է Սիրիայում. սա պետք է ռացիոնալ դաշտ տեղափոխի մեր որոշ «տաք գլուխ» գործիչների


Թուրքիան Հայաստանի դեմ կարող է անել այն, ինչ անում է Սիրիայում. սա պետք է ռացիոնալ դաշտ տեղափոխի մեր որոշ «տաք գլուխ» գործիչների
Հոկտեմբեր 18 18:04 2019

Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները Սիրիայի հանդեպ, ռմբակոծությունները հարևան երկրի հյուսիսային սահմանի ողջ երկայնքով, լուրջ մտորումների տեղիք տվեցին մեր հանրության շրջանում։ Գերիշխող տեսակետն այն է, թե տեսա՞ք՝ որքան կարևոր է, որ մեր երկրի սահմանը Թուրքիայի հետ պաշտպանում են ռուսական զորքերը, ու, առհասարակ, ռուսական բազայի առկայությունը մեր երկրի տարածքում միանգամայն արդարացված է ու բխում է ՀՀ շահերից։ Թուրքիան, արհամարհելով միջազգային դատապարտող կարծիքը, ռազմական գործողություններ է իրականացնում իր հարևան երկրում, ի՞նչ երաշխիք, որ նույնը չի անի ՀՀ-ի դեմ, երբ մշտապես հայտարարում է, որ ամեն գնով պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ Արցախն ու ազատագրված տարածները վերադարձնելու հարցում։

 

Այսօր ջանք ու եռանդ չենք խնայում այն հարցում, որպեսզի աշխարհը դատապարտի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի Թուրքիան ընդունի իր մեղքն ու անգամ փոխհատուցի, հիշում ենք ու հիշեցնում, թե ինչպես էր ժամանակին Ադոլֆ Հիտլերն ասել, թե՝ ո՞վ է հիմա հիշում հայկական կոտորածը։ Այո՜, բոլորը հիշեն, որպեսզի նման ոճրագործությունները բացառվեն՝ աշխարհում ընդհանրապես ու մեր պարագայում մասնավորապես։ Եթե այդքան ցանկանում ենք, որ ուրիշներն իմանան, գուցե մենք էլ մտածենք՝ արե՞լ են կանխարգելիչ այն քայլերը, որպեսզի բացառվեն նման դեպքերը մեր պարագայում։ Բայց կարծես մոռացել ենք, որ օրվա իշխանությունները, երեկվա ընդդիմադիրները, ինչպես էին ամենավերջին խոսքերով անպատվում ՌԴ-ին ու նրա ղեկավարին, պահանջում, որ օր առաջ Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմաբազան, որ մեր երկրի համար ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթ պետք է հանդիսանա ոչ թե ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, այլ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն։

 

Չենք մոռացել, որ պաշտոնավարման առաջին իսկ օրերին Նիկոլ Փաշինյանը հոխորտում էր ՌԴ-ի դեմ ու գլուխը գովում, թե ինքը կռացողներից չի, ինչպես իր նախկինները։ Բարեբախտաբար, հասավ Մոսկվա ու միանգամայն այլ Փաշինյան դարձավ, ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ասել է թե՝ երդվյալ ռուսամետներից ավելի ռուսամետ։ Բայց պատկերացնենք, որ ՌԴ-ն չցանկանար նոր իշխանությունների հետ շարունակել մինչև 2049 թվականը ուժի մեջ հանդիսացող ռազմական համագործակցության պայմանագիրը, ի՞նչ էինք անելու, արբիտրա՞ժ էինք դիմելու, միջազգային դատարա՞ն, միտինգ էինք անելու ՌԴ դեսպանատան դիմաց։ Իսկ այդ ընթացքում Թուրքիան կհասցեներ Ադրբեջանի շահերի սպասարկման առիթով, հատկապես Նախիջևանի անվտանգության երաշխիքների համար ՀՀ տարածք ներխուժել։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ունի տարածաշրջանի ամենահզոր բանակը, նրա ագրեսիվ գործողություններն այս տարիներին քիչ չեն անգամ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հանդեպ, այսինքն՝ այդ կառուցի անդամ լինելն անգամ երաշխիք չէ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների հանդեպ։

 

Հիմա կարող ենք ասել՝ սա ի՞նչ խաղ է, հենց Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստվում է ԱՄՆ զորքերը դուրս բերել Սիրիայից, Թուրքիան անցավ հարձակման, իսկ ԱՄՆ-ն շտապեց դատապարտել Թուրքիայի ագրեսիան։ Գուցե դա պատրվակ է ԱՄՆ զորքերը չհանելու, երբ այս տարիներին ԱՄՆ-ի ագրեսիվ ներկայությունը Սիրիայում, իբր ահաբեկիչների դեմ տարվող պայքարի շրջանակներում, կարելի է համարել ձախողված, հիմա արդեն ո՛չ զորքերը դուրս բերելով է ԱՄՆ-ն դեմքը փրկելու, ո՛չ էլ այնտեղ թողնելով, անգամ ընդլայնելով իր ռազմական կոնտինգենտը։ Նոր պատրվակ է պետք ԱՄՆ–ում եկող տարի սպասվող նախագահական ընտրություններից առաջ, երբ Թրամփը դեմ է արտահայտվում պատերազմներին, իսկ առանց պատերազմի էլ իր երկրի հանրությանը չի ստացվում մոբիլիզացնել ուժեղ նախագահի շուրջ, մնում է սկսված պատերազմը շարունակելու խորամանկ փորձեր անել։  

 

 

Վերջին շրջանի ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների պարագայում ակնհայտ ջերմացել են ՌԴ-Թուրքիա հարաբերությունները, բայց ի տարբերություն նրան, որ կարծում ենք, թե ԱՄՆ-ն ինչ-որ խաղեր է սկսել տարածաշրջանում, վստահ ենք, որ ՌԴ-ն մեր դեմ խաղեր չի խաղա, որքան էլ սերտ լինեն Թուրքիայի հետ նրա հարաբերությունները, ու չի լինի մեր թիկունքում մի գործարք, որի արդյունքում մեր սահմանները կլինեն անպաշտպան։ Քանի որ վստահ ենք, որ ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունը վեր է երկու պետությունների կառավարությունների ու նրանց ղեկավարների սառը կամ ջերմ հարաբերություններից, դա ավելին է քան իրավիճակային շահը, այլապես ՌԴ ղեկավարությունն էլ բավարար առիթներ ուներ մեզ փաստի առաջ կանգնեցնելու։ Սա պետք է դաս լինի մեր նոր իշխանավորների համար, որ իրենց մակերեսային պատկերացումների շրջանակներում չշտապեն աշխարհի ուժի կենտրոնների ու գերտերությունների վրա պատեհ-անպատեհ հոխորտալ, քանի որ միշտ չէ, որ նրանք կարող են ըմբռնումով մոտենալ։

 

Իսկ նրանց համար, ովքեր մեզ ուզում են ժամ առաջ հանել ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական պարտավորությունների տակից, հանել նաև ՀԱՊԿ-ից ու անմիջապես մտցնել ՆԱՏՕ, ուղղակի հիշեցնենք, որ ոչ միայն մեզ ՆԱՏՕ-ում չեն սպասում, այլ մեզնից առաջ սիրատոչոր հայացքով ՆԱՏՕ-ի կողմն են նայում մեր լավ բարեկամներ Ուկրաինան ու Վրաստանը, սակայն իրանց էլ չեն սպասում այնտեղ, երբ Արևմտյան վեկտորի ընտրության պատճառով էլ տարածքներ կորցրեցին, էլ պարբերաբար կանգնում են քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ։ Այո՜, երիցս համոզվել ենք, որ գերագնահատված է Արևմուտքի աջակցությունը, քանի որ այդ աջակցությամբ Արևմուտքն առաջին հերթին իր շահն է տեսնում ու չի պատրաստվում բեռի պես քարշ տալ աղքատ բարեկամի կարգավիճակում հայտնված որոշ երկրների, բայց ոգևորելիս ու ՌԴ-ի դեմ հանելիս «ոսկի սարերի» խոստման պակաս չի զգացվում Արևմուտքի կողմից, ու ամեն անգամ դրանք այնքան գայթակղիչ են ու համոզիչ, որ անգամ ուրիշի սխալներից շատերը չեն օգտվում, այլ կատարում են իրենց սխալները։ Հուսով եմ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում, որտեղ վտանգի տակ են հայտնվել նաև մեր ազգակիցները, ռացիոնալ դաշտ կտեղափոխեն մեր որոշ «տաք գլուխ» գործիչների, որոնք առիթը բաց չեն թողնում ՌԴ-ի դեմ ակցիաներ կազմակերպելու ու նրանց բառիս բուն իմաստով վիրավորելու։                   

Արմեն Կարեյան Tert.am



loading...